Այ քեզ բան, նոր իմացա, որ Նարեկ Դուրյանի «Մի րոպե, մի բան ասեմ»-ի վերջին թողարկումը բուռն արձագանք ա առաջացրել, և մարդուն սկսել են հայոց լեզվի ինչ-որնվիրյալներ մեղադրել լեզուն աղավաղելու և այլ մահացու մեղքերի մեջ: Մինչդեռ Դուրյանի ասածը էն էր, որ ինչքան էլ թարգմանեք օտարալեզու բառերը, երբեմն (իսկ ավելի ճիշտ՝ որպես կանոն) դա անելու եք անկապ ու ախմախավարի, և էդ թարգմանությունները չեն յուրացվելու մարդկանց կողմից: Կոնկրետ Դուրյանը բերել էր անանասի ու պուլտի օրինակները, որոնք համապատասխանաբար թարգմանվել են արքայական խնձոր (բայց խի՞, դրա ի՞նչն ա արքայական ու էդ թարգմանողն առհասարակ խնձոր ու անանաս տեսե՞լ ա), մեկ էլ հեռակառավարման վահանակ (пульт дистанционного управления-ն են թարգմանել, ազիզ բալեք, բայց չգիտես ինչու էդ երեք բառի թարգմանությունը խցկել են մեկի մեջ, որ ուղղակի վահանակ չասեն):
Մի անգամ անդրադարձել եմ, կարծեմ, որ հայաֆիկացման մանիայից արդեն սկսել ա ֆետիշի հոտ գալ ու մի քանի փառահեղ թարգամնությունների օրինակներ բերել էի.
դաբլ քլիք - կրկնակտիկ
կլիզմա - հոգնա
մակարոն - մակարոնային խմորակլորածակ
պլինտուս - սկզբում հատակապատատափարանքայինտափակափայտ էին թարգմանել խելոքները, հետո դարձրին շրիշչակ, չնայած մենակ աստված գիտի, թե էդ շրիշչակը ի՞նչ ա ու ինչ կապ ունի պլինտուսի հետ
ջենթլմեն - օրիորդապնդիչ (ինչ-որ վատ ասսոցիացիաներ են առաջանում մոտս էս բառից)
բանան - ադամաթուզ (էս մեկից առհասարակ ֆրեյդիզմի հոտ եմ առնում)
Ու սենց էլի բազմաթիվ ու բազում բառեր: Մի անգամ ասել եմ, էլի կասեմ. լեզվի «հայաֆիկացման» մանիան իրականում անիմաստ բան է, որովհետև ինչպես ցանկացած մարդակերտ բան, լեզուն ևս իր գենեսիսն ունի ու չի կարող գոյատևել մեկուսացված, այն պետք է զարգանա ու ձևափոխվի: Դեռ Աճառյանն էլ հաշվարկել, որ ժամանակակից գրական հայերենում բնիկ հայական բառարմատները կազմում են ընդամենը 20 տոկոս, բայց դրանից հայերենը ավելի պակաս հայերեն չի դառնում:
Հիմա էլ պետք չէ կլիմաքսի մեջ ընկնել օտարալեզու բառեր ու արմատներ փոխառելուց ու հայաֆիկացնելուց, որովհետև, եթե հազարամյա հայոց լեզուն չի կործանվել ասորական, պարթևական, արաբական, հունական, լատինական և այլ լեզուների հետ սերտ շփումից, ապա հիմա էլ չի տուժի, եթե իհարկե լեզվի պահապանները մառազմի մեջ չընկնեն ու վհուկների որս չսկսեն, այն էլ ում-ում՝ Նարեկ Դուրյանի պես տաղանդավոր մարդու նկատմամբ:



