Եթե երեկ ինձ ասեին , որ այսօր ես Էյնշտեյնի մասին
եմ գրելու ՝ չէի հավատա : Ես ու ֆիզիկան այնքան հեռու ենք իրարից , ինչքան որ ես ու մաթեմատիկան :D Այսինքն ՝ անասելի հեռու : Բայց փաստը մնում է փաստ , որ երկար-բարակ նայելով Ալբերտ Էյնշտեյնի ՝ արևի պես վառ ու լուսավոր հայացքին , ես բացեցի բլոգս ու սկսեցի գրել...
Ինչո՞ւ եմ ես գրում Էյնշտեյնի մասին , ես ի՞նչ կապ ունեմ նրա հետ՝ դժվար է ասել :
Միշտ Էյնշտեյնին համակրել եմ : Դեռ փոքրուց տեսնելով լեզու հանող բարի դեմքով ու սպիտակ մազերով պապիկի դիմանկարը ՝ իմ մեջ համակրանք է արթնացել նրա նկատմամբ : Ափսոս ֆիզիկայի հետաքրքիր աշխարհի դռները այդպես էլ փակ մնացին ինձ համար ու ես այդպես էլ ոչինչ չհասկացա այդ գեղեցիիկ ու բարդ գիտությունից : Բայց իմ մեջ մի բան անփոփոխ մնաց ՝ Էյնշտեյնի հանդեպ համակրանքը :
Երկու օր է անընդհատ նրա մտքերից եմ կարդում . ինձ գերում է այդ բարի մարդու սուր հումորն ու մանկական միամտությունը : Ես չեմ նայում նրան որպես ֆիզիկոսի , գիտնականի և այլն : Նա ինձ համար ուղղակի շատ հետաքրքիր անձնավորություն է , ով պարզ ու բարդ է միաժամանակ :
Բլոգներում նոր գրառումներ չգտա, ինչ կար՝ կարդացել եմ : Ֆեյսբուքում ընկերներիս ՛՛ստատուս՛՛ -ներից հոգնել եմ , չեմ ուզում այդ ամենը կարդալ : Չաթս չի աշխատում , ընկերներս ինձ տեսնում են օֆֆլայն վիճակով , չնայած , որ ես պետք է օնլայն լինեմ : Չեմ կարողանում նրանց հետ շփվել : Բա ի՞նչ անեմ :
Ու հենց այդ պահին զգացի , որ ես բացել եմ գուգլն ու որոնման տողում ՛՛ Ալբերտ Էյնշտեյնի մտքերից ՛՛ եմ գրում... Այ քեզ նորությու՜ն))))
Ու այդ պահին ես մի բան հասկացա . գրողը տանի , ախր ես սիրում եմ այդ բարի ծերունուն :D
Էյնշտեյնից մի լավ բան եմ սովորել . շատ կարևոր է ճիշտ հարցեր տալ : Բոլոր բացահայտումներն իրականում կատարվում են ճիշտ հարցերի շնորհիվ : Երբ տալիս ես ճիշտ , լավ հարց ու չես գտնում պատասխան՝ այ այդտեղ էլ ծնվում է հայտնագործությունը : Բավարարել հետաքրքրությունը ՝ սա է մարդկանց գերնպատակը :
Ու ընդհանրապես ՝ մարդկանց բոլոր խնդիրները սկսում են սխալ հարցեր տալուց : Սխալ ձևակերպելով մեր հարցերը ՝ ստանում ենք սխալ պատասխաններ : Սրանք էլ , իրենց հերթին , ծնում են խնդիրներ , քեզ ու շրջակա միջավայրը չհասկանալու վտանգ :
Նոբելյան մրցանակի դափնեկիր Իսիդոր Ռաբիին մի անգամ հարցնում են. ՛՛Ինչո՞ւ Դուք գիտնական դարձաք , այլ ոչ թե բժիշկ , իրավաբան կամ գործարար ՛՛ : Ի պատասխան նա ասում է . ՛՛ Իմ մայրն ինձ դարձրեց գիտնական : Եթե մյուս երեխաների ծնողներն ամեն օր հարցնում էին ՝ ի՞նչ ես սովորել , ապա իմ մայրը միանգամայն այլ հարց էր տալիս ՝ ի՞նչ լավ հարցեր ես տվել այսօր դպրոցում : Հենց լավ հարցեր տալու պահանջի արդյունքում էլ ես դարձա գիտնական ՛՛ :Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/02/blog-post_05.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել