Լինելով հայերենի անաղարտության կողմնակից՝ միաժամանակ համարում է լիովին անտեղի՝ Նարեկ Դուրյանին ուղղված քննադատությունն իր վերջին տեսանյութի հետ կապված: Դուրյանը կոչ չի անում հայերենի դռները լայն բացել օտարամուծության առջև, այլ փոխարենը կոչ է անում հրաժարվել լեզուն հայ պահելու արհեստական և լիովին շովինիստական փորձերից: Չի կարելի բանկը կոչել դրամատուն, որովհետև բանկում միայն դրամ չեն պահում, չի կարելի տանկը կոչել հրասայլ, որովհետև դա ոչ սայլ է և ոչ էլ հուր է արտադրում: Արհեստական թարգմանությունները հաճախ ավելի վնաս քան օգուտ են բերում լեզվին: Դուրյանը համաձայն է «հեռուստացույց» բառի կիրառման հետ, բայց անահամաձայնություն է հայտնում «հեռակառավարման վահանակ»-ի հետ: Եվ նա բացարձակ ճիշտ է: Մինչդեռ առաջինը ներդրվել է մաքուր խոսող և գրագետ մարդկանց բառապաշար, ապա երկրորդը կենդանի մնալու որևէ շանս չունի: Ի դեպ «շանս» բառն, օրինակ, ամեն պարագայում «հնարավորության» թարգմանելն էլ անգրագիտություն է: Եվ հետո, չեմ կարծում, թե հայերն իրենց լեզուն ավելի են սիրում քան ֆրանսիացիները, անգլիացիները կամ գերմանացիները, որոնք ամեն տարի իրենց պաշտոնական բառարաններում պաշտոնապես ներգրավում են տասնյակ, անգամ հարյուրավոր նորածին և միջազգային կիրառություն ունեցող բառեր: Դուրյանի շարքը մեր անճաշակ և անմակարդակ «հումորի» դաշտում միակ որակյալ և ուսուցանող ստեղծագործությունն է և հարձակվել դրա վրա՝ նշանակում է ի ցույց դնել սեփական նեղմտությունն ու կեղծ լեզվամոլությունը, որ շատերը փորձում են ներկայացնել որպես լեզվասիրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել