Aysor.am-ը գրում է.

Հոկտեմբերի 20-ին, Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի մեքենան հարվածել էր «Նիվային», որի մեջ 6 հոգի էին եղել: Նրանցից երկուսը՝ 16-ամյա Էդուարդն ու Էդգարը մահացել էին: ՃՏՊ-ի փաստով հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին երեկ դուրս են գրել հիվանդանոցից:

«Վարդան Պետրոսյանի ընտանիքն այնքան անշնորհք, անկիրթ գտնվեց… այսքան օր է անցել մինչև այսօր մենք որևէ ցավակցական խոսք նրանց կողմից չենք ստացել»,- երեկ «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է Էմմա Հակոբյանը՝ Էդգար ու Էդուարդ Հակոբյանի քույրը: Էմման հուզված նշել է, որ այս անգամ Վարդան Պետրոսյանին չի օգնի իր հայտնի լինելը:

«Մենք դեռ սպասում ենք քննության արդյունքներին, և եթե զգանք՝ գործընթացը շեղվում է ճիշտ ճանապարհից, այդ ժամանակ կլինի շատ ավելի վատ: Իրականում նա իրոք խմած է եղել, փակագծերը չեմ բացի, բայց եղել է մարդ, որը իրեն տեսել է այդ վիճակում: Իսկ մեքենան եղել է 100-ից ավելի արագությամբ, որովհետև գիտակից մարդը, մեքենայից մի քիչ հասկացող գիտի, որ յուրաքանչյուր մեքենա ունի որոշակի անվտանգություն, որից հետո են միայն անվտանգության բարձիկները բացվում, իսկ նրա մեքենայի երկու անվտանգության բարձիկները բացված են եղել»,- ասել է Էմման: Նա անձամբ խոսել է Գերմանիայի BMW-ի սրահի ներկայացուցչի հետ, ով հաստատել է՝  այդ մեքենաների անվտանգության բարձիկները բացվում են միայն 160-ից բարձր արագության դեպքում:

Թերթի թղթակիցը փորձել է ոստիկանությունից պարզել՝ Վարդան Պետրոսյանը արդյոք եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ: Տեղեկացրել են, որ նշանակվել է փորձաքննություն, գործի քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել