Ուսումնասիրում էի լավ մոռացված բլոգս ու նկատեցի, որ վերջին նյութերս կիսաթախծոտ ստեղծագործական գրառումներ են։ Որոշեցի ցրել այդ տրամադրությունը ու ձեզ ներկայացնել հետաքրքիր ինֆորմացիոն գրառում։
   Այսօր ձեզ եմ ներկայացնում քաղաքների այն ցանկը, որոնք իմ պարտադիր այցելության ցանկում են։ Եկեք հանգիստ թողնենք Փարիզը, Նյու Յորքը, Դուբայը, Լոնդոնը, Հռոմը, Մադրիդն ու Բարսելոնան, ծանոթանանք նոր հրաշք վայրերի։ Չէ՞ որ գեղեցիկ քաղաքներն այնքան շատ են աշխարհում։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ինքնատիպ պատմությունն ու կոլորիտը, որոնք պետք է ճանաչել ու զգալ, տեսնել սեփական աչքերով։
   Սկսենք ։)



Ֆլորենցիա (Իտալիա)

Ֆլորենցիան իտալական տարածաշրջան Տոսկանայի կենտրոնական քաղաքն է, միջնադարյան քաղաքի լավագույն նմուշներից։ Դրա բնակչությունն ընդամենը 370 հազար է։ Հետաքրքիր է իմանալ, որ քաղաքի անունը թարգմանաբար նշանակում է «ծաղկող քաղաք»։ Ֆլորենցիան ձգում է հատկապես արվեստասերներին, քանի որ այստեղ է սկսվել Վերածննդի ժամանակաշրջանը, և քաղաքը համարվում է ճարտարապետության մայրաքաղաք։ Քաղաքը հարուստ է թանգարաններով, որոնցում պահվում են միջնադարյան արվեստի գործիչների գլուխգործոցները։ Ֆլորենցիայում պարտադիր պետք է այցելել Ուֆիցի և Ակադեմիական պատկերասրահները։ Քաղաքը աչքի է ընկնում նաև պալատների բազմազանությամբ ու շքեղությամբ։ Միջնադարյան արվեստին, գիտությանը ու պարզապես քաղաքի գեղեցկությանը ծանոթանալու համար չի կարելի բաց թողնել Վեկյո, Պիտտի, Ռուչելլաի, Ստրոցցի, Բարջելլո և Մեդիչի-Ռիկարդի պալատները կամ, ինչպես իտալացիներն են ասում, պալացիոները։ Դրանցից յուրաքանչուրը ինքնատիպ է, շքեղ, ապշեցուցիչ։ Տեսարժան վայրերի մեջ են մտնում նաև Ֆլորենցիայի բազմաթիվ հրապարակները, որոնք փայլում են իրենց արձաններով և այլ հուշակոթողներով։ Նշանավոր է հատկապես Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարը, որը երևում է քաղաքի գրեթե բոլոր ծայրերից։ Տաճարը հարուստ է որմնապատկերներով, որմնաքանդակներով և քրիստոնեությանը վերաբերող բազում հետաքրքիր ու գեղեցիկ առարկաներով։
Ֆլորենցիայում կան ավանդույթներ, որոնք հաստատ հաճելի տպավորություն կթողնեն ու բարձր տրամադրություն կպարգևեն։ Օրինակ` Դանթեի արձանի մոտ մեջբերել «Աստվածային կատագերգությունից» որևէ հատված, հարգանքի տուրք տալ Միքելանջելոյի հիշատակին Սանտա Կրոչե բազիլիկում և, իհարկե, պանիրով համտեսել տեղական ընտիր գինին։ Սակայն, չնայած նրան, որ պիցցան իտալական ավանդական ուտեստ է, բազմաթիվ ռեստորաններում հնարավոր է մերժեն պիցցայի ձեր պատվերը. այն ուղղակի չի լինի մենյուում։ Այն համտեսելու հնարավորություն կունենաք միայն սակավաթիվ ռեստորաններում։


Պրահա (Չեխիա)

Չեխիայի մայրաքաղաք Պրահան յուրահատուկ է թե՛ իր ճարտարապետությամբ, թե՛ պատմությամբ, թե՛ ավանդույթներով։ Հատկանշական է, որ այն համարվում է սիրահարների քաղաք։ Քաղաքում կարելի է տեսնել ինչպես հինավուրց չնաշխարհիկ կոթողներ, այնպես էլ ամենահամարձակ լուծումներով ժամանակակից շենքեր։ Պրահայում է գտնվում ամենամեծ պալատը` Գրադը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Ժամանակակից շենքերից նշանավոր է հատկապես Պարող շենքը, որը տեսնում եք այս նկարում։ Ինքներդ զգացեք, թե կառույցների ոճերն ինչպիսի ամպլիտուդայով են տատանվում։ Պրահայի տներն այնքան մոտ են կառուցված, որ դրանց միջև տարածությունը կազմում է միայն 70 սմ։ Այդ պատճառով քաղաքում տեղադրվել են հատուկ լուսամփոփներ, որոնք հետիոտնին տալիս են ճիշտ ու արագ կողմնորոշվելու հնարավորություն։ Չմոռանանք նաև, որ Պրահան հարուստ է աշխարհի ամենագեղեցիկ կամուրջներով, որոնցից շատերը կառուցվել են միջնադարում։ Ինձ համար հետաքրքիր էր իմանալ, որ քաղաքում կա մի արձան-հրաշք, որը ջրի միջոցով կարողանում է հաղորդել բնակիչների մտքերը։ Հատուկ SMS ծառայության շնորհիվ թույլտվություն ստանալուց հետո այն կկարդա ու կհաղորդի նաև ձեր մտքերը։ Կամուրջների քաղաքի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ Պրահա եկած սիրահարները, սովորույթի համաձայն, հարսանիք են բեմադրում։ Այդ բեմադրությունը հաճախ լինում է չնախատեսված, բայց դառնում է իսկական հարսանիք ու ծնում նոր ընտանիք։

Ամստերդամ (Նիդերլանդներ/Հոլանդիա)

Բոլորիս էլ հայտնի է, որ Հոլանդիան առանձնանում է պետական կառավարմամբ և մարդկանց ազատության ավելի լայն շրջանակով, ինչի համար Ամստերդամը հաճախ անվանում են մեղքերի քաղաք, բայց ես այն համարում եմ նորությունների փորձարկուման ամենահարմար շրջան, քանի որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ազատության սահմաններն ու գործողությունների բնույթը։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, որ քաղաքում առկա են հատուկ կետեր` գնված թմրանյութերը փորձարկելու համար։ Ընդհանրապես արգելված է փողոցում դրանք փորձել, բայց այդ օրենքը խախտելու համար գրեթե չեն պատժվում։ Սրճարաններից էլ քչերն են, որ արգելում են մարիխուանայի օգտագործումը։ Գաղտնիք չէ նաև, որ շատ տարածված է մարմնավաճառությունը, ինչը կարող է ցավալի լինել մեզ համար, բայց սովորական երևույթ է Եվրոպայում։ Այնպես որ, խնդրում եմ այդ թեմայով չծավալվել մեկնաբանություններում։ Կառավարությունը հատուկ գումար է հատկացնում հաշմանդամներին` մարմնավաճառների ծառայությունից ամսական 2 անգամ օգտվելու համար, մինչդեռ քաղաքում չեք գտնի ոչ մի անվճար ավտոկայան։

Ամստերդամը որքան էլ մեղքերի քաղաք համարվի, այն, միևնույնն է, մնում է Եվրոպայի ամենագեղեցիկ ու գողտրիկ քաղաքներից մեկը։ Անշուշտ, չեմ կարող անտեսել այն փաստը, որ լավագույն նկարիչներից, հատկապես իմպրեսսիոնիստներից շատերը հենց հոլանդացի են եղել, ու հիմա արվեստասերները  այդքան հիանում են նրանց նկարներով։ Առհասարակ արվեստի շունչն այստեղ ամենուրեք է, դա կզգան նույնիսկ արվեստի հետ ամենաչնչին կապը չունեցող մարդիկ։ Այնպես որ, պետք է բաց չթողնել ոչ մի թանգարան` սկսած դասականից մինչև ժամանակակից արվեստի թանգարան։ Հին շենքերից բացի, ինձ դուր են գալիս հատկապես զբոսայգիները` լի բազմերանգ կակաչներով ու հայտնի հոլանդական վարդերով։ Քաղաքի հենց կենտրոնով հոսում են Ամստել և Էյ գետերը։ Կարելի է անմոռանալի ժամանակ անցկացնել նավակներով շրջելիս։ Դրա շնորհիվ քաղաքը հաճախ անվանում են Հյուսիսային Վենետիկ։


Բուենոս Այրես (Արգենտինա)

Բուենոս Այրես, ծով, արգենտինյան տանգո ու կիրք։ Ահա թե ինչի հետ եմ ասոցացնում հրաշք քաղաքներից մեկը։ Ամենափոքրիկ հին իջևանատներից մինչև հինգաստղանի հյուրանոցներ, գունագեղ փայտե տնակներից մինչև ապակե երկնաքերեր, գողտրիկ սրճարաններից մինչև բարձրակարգ ռեստորաններ, անկրկնելի ուտեստներ, ըմպելիքներ և խենթություններ։ Այսպիսով` կարող ենք ասել, որ Արգենտինայի մայրաքաղքը հասանելի է ոչ միայն հարուստ վերնախավին, այլև հասարակ մահկանացուներին։ Անմոռանալի ժամանցն այստեղ ապահոված է։ Բուենոս Այրեսը աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկն է. այստեղ ապրում է ավելի քան 13 մլն մարդ։ Անունը թարգմանաբար նշանակում է «արծաթի երկիր»։ Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է խորհրդարանի շենքը և Սան Իգնասիոն ու Էլ Պիլարը եկեղեցիները։ Թանգարաններից հատկապես հիշարժան են Ազգային պատմության թանգարանը, Բերնարդինո Ռիվադավիա ճշգրիտ գիտությունների թանգարանը և Դեկորատիվ արվեստի ազգային թանգարանը, որը ներառում է Վերածննդի ժամանակաշրջանի ֆրանսիական կտավներ և կահույք։ Գրքասերները կգնահատեն ինչպես «Խուան Խոսե Մոնտես դե Օկա»-ն, այնպես էլ Ազգային գրադարանները, որոնք աշխարհի ամենամեծ գրադարանների շարքին են դասվում։ Բուենոս Այրեսում եղած ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել արգենտինյան տանգոյի ակումբ այցելելու հնարավորությունը։ Հավատացնում եմ` նույնիսկ եթե հեռու եք պարարվեստից, պարզապես կգերվեք այդ պարերով և այն էներգիայով, որը պարող զույգը հաղորդում է հանդիսատեսին։



Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)


 

Թերևս աշխարհի ամենահետաքրքիր, բազմաբնույթ, գունագեղ ու ամենաէկզոտիկ քաղաքն է Ռիո դե Ժանեյրոն։ Գուցե և բրազիլական սերիալներից արդեն պատկերացում ստացել ենք քաղաքի մասին, այնուամենայնիվ, կան հետաքրքրաշարժ փաստեր, որոնք դեռ չգիտենք։ Օրինակ` Ռիո դե Ժանեյրո անունը թարգմանվում է որպես «Հունվարյան գետ»։ Քաղաքի ամենաբարձր կետում կանգնեցված Փրկչի արձանը ժամանակակից աշխարհի հրաշալիքների շարքին է դասվում։ Նրա ներքո կառուցված է թանգարան, որը այցելելու համար պետք են շատ ամուր նյարդեր` հերթին դիմակայելու նպատակով։ Եթե ցանկանում եք` տեղացիները ձեզ հարգեն, ապա գոնե մի փոքր պատկերացում պիտի ունենաք բրազիլական ֆուտբոլի և լատինական պարերի մասին։ Հակառակ դեպքում չեք խուսափի նրանց ծաղրից։ Ամեն փետրվարին անցկացվում է  բրազիլական հայտնի կառնավալը, որը տևում է 4 օր ու տեղի ունենում առանց դադարի։ Ողջ ժողովուրդն այդ օրերին թողնում է իր բոլոր գործերը ու տրվում ուրախության բերկրանքին։ Հաջողակ կլինեք, եթե Ռիոյում հայտնվեք հենց փետրվարին։ Սակայն զգույշ կլինեք. ձեր պայուսակը կարող են այնպես գողանալ, որ միայն մի քանի օր անց գլխի ընկնեք դրա մասին։ Տեղացիների հետ շփվելիս նաև խուսափեք OK ժեստից, քանի որ դա նրանց համար վիրավորական իմաստ է կրում։ Սակայն չզարմանաք, երբ որևէ մեկը մոտենա ձեզ ու քաղաքավարի ժպիտով ասի` գեղեցիկ հետույք ունեք։ Դա Բրազիլիայի ամենահաճելի կոմպլիմենտներից մեկն է ու համարվում է բնական, քաղաքավարի։

Պետք չէ մոռանալ նաև բրազիլական սուրճի մասին։ Եթե նույնիսկ սուրճ չեք խմում, խորհուրդ է տրվում անպայման փորձել իսկական բրազիլական սուրճ։ Դրանից հետո, հնարավոր է, այն մտնի ձեր ամենօրյա ճաշացանկի մեջ, բայց չչարաշահեք ։) Ծովափի մասին խոսելը, ինձ թվում է, ավելորդ է։ Հանցագործություն կլինի կապուտակ ծովի ալիքները չվայելելը և սերֆինգիստներին հեռվից չհետևելը։ Եթե համարձակ եք` ձեր մեջ էլ ցանկություն կառաջանա սերֆինգով զբաղվելու։ Չմոռանաք անվտանգության կանոնների և, իհարկե, ափին թողած ձեր իրերի մասին։


   Այս անգամ այսքանը։ Հուսով եմ` կարողացա հետաքրքիր տեղեկություն տրամադրել թվարկածս քաղաքների մասին, առաջացնել ցանկություն այցելելու և սեփական աչքերով տեսնելու։ Իսկ եթե հնարավորությունները չեն հերիքում նման հաճույք վայելելու համար, ապա թող սա դառնա մոտիվացիա ձեզ համար, որ սեփական աշխատանքով վաստակած գումարով ճամփորդեք, թեկուզ դա լինի տարիներ անց։ Հավատացեք` այդ ժամանակ ավելի մեծ բավականություն կստանաք։

   Խոստանում եմ շարունակել գրառումս, քանի որ դեռ շատ քաղաքներ կան, որոնք այնքան էլ շատ չեն շոշափվում հայկական տուրիստական գործակալություններում` չնայած տեղով հրաշք են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել