«Չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից: <…>: Այս երևույթը ծայրաստիճան նողկալի է և վիրավորական յուրաքանչյուրի համար, անգամ շատ քիչ բարեպաշտ մարդու, առավել ևս անընդունելի է քրիստոնյաների համար: <…>: Ամբողջ ճանապարհը, որով անցել և անցնում է այս կործանարար «մշակույթը», որն ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ»: 
 
Այս տողերը մեջբերված են qahana.com կայքում տեղադրված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» հոդվածից, որը ներկայացված է այսպես. «ուղղափառ հոգևորականների դիտարկումները ռոք երաժշտության վերաբերյալ»:

Շատ խնդալու է, որ այս անիմաստ հայտարարությունները հիմնավորելու համար վկայակոչվում են առանձին ռոքմենների վարքը, խոսքերն ու երգերի տեքստերը: Բա որ ե՞ս սկսեմ թվարկել անցյալի ու ներկայի հոգևորականների վարքն ու գործերը… Իհարկե, ինձ կհակադարձեն` ասելով. «Պետք չի ընդհանրացնել»: Բայց ձեզ, փաստորեն, թույլատրվում է ընդհանրացնել, հա՞: 

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. վերը մեջբերածս խոսքերը սերմանում են միայն ԽԱՎԱՐ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ: Այդ խոսքերն ասողները նախ պիտի ազատվեն այդ խավարից ու ատելությունից, ապաշխարեն: Ու հետո նոր կարող են մտածել քարոզի մասին: Ու պետք է լույս ու բարություն քարոզեն, ոչ թե մարդկանց զզվեցնեն իրենց պաթետիկ սպիտակ ինկվիզիցիայով: Հանգիստ թողեք մարդկանց հայացքներն ու խղճերը: 

Ջոն Լենոնի խոսքերն ե՞ք դեմքներիս շպրտում: Մարդ է, ինչ մտածել` ասել է: Դե հիմա ես էլ դրան հակադարձեմ մի պատահական օրինակով: Բայց այս դեպքը ոչ թե պարզապես մի դատարկ խոսքի մասին է, այլ մի թշվառ կնոջ խորտակված կյանքի: Խնդրեմ: 1831-ին քանաքեռցի Մարիամ Մկրտումյանին նրա հոր մահից հետո, 11 տարեկան հասակում, մայրը բռնությամբ ամուսնացնում է երևանցի Նիկողոս Սուքիասյանի հետ: Պսակի օրը էս աղջնակը խելագարվում է ու չորս տարի թափառում Քանաքեռի ձորերում ու այրերում: Ամուսինը հափշտակում է կնոջ ունեցվածքն ու հեռանում Երևանից: Որոշ ժամանակ անց Մարիամն առողջանում է ու բնակվում Խաչատուր Աբովյանի մոր` Թագուհու մոտ: Նրա հայվան ամուսինն ամուսնանում է, երեխաներ ունենում, իսկ Մարիամին եկեղեցին թույլ չի տալիս ամուսնանալ: Գործը ձգձգվում է մինչև 1844 թվականը, երբ Աբովյանը վերադառնում է ու որոշում օգնել թշվառ կնոջը: Նա երկու անգամ նամակ է գրում Բարսեղ եպիսկոպոսին, առաջինը մնում է անպատասխան, երկրորդին բացասական պատասխան է գալիս: Աբովյանը չի կարողանում հաշտվել այս անարդարության հետ ու հանդգնորեն իր վրա է վերցնում գործը: 1845-ին նամակ է գրում կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն, բայց կրկին` բացասական պատասխան: Վերջին անգամ Մարիամն ինքն էլ է խնդրանքով դիմում կաթողիկոսին, սակայն վերջինս, վկաների թիվը քիչ համարելով (!), մերժում է ամուսնության իրավունք շնորհել: Որոշ ժամանակ անց Մարիամը մահացել է ու դրանով ազատել բարեպաշտ հոգևորականներին` իր թշվառ անձի պատճառած հոգսից… [Գ. Դ. Ասատրյան, Պատմական Քանաքեռը և քանաքեռցիները (XII-XX դարեր). Երևան. «Հայաստան»: 1990, էջ 81-82]:

Սրանք ե՞ն լույսի ու բարեկամության ջատագովները… Ո՞վ է ավելի հանցագործ, իր սեփական կյանքը նարկոտիկով խորտակող ռոքմե՞նը, թե՞ հանուն իրենց խավարամիտ հայացքների մի թշվառ կնոջ կյանք խորտակող կղերականները… Բերանս բացել չտաք…

Եթե հանուն դրախտի ես պիտի թողնեմ ջազ, փոփ կամ ռոք լսելը, ապա ես ընտրում եմ դժոխքը ու մեծ հաճույքով, ասեմ ավելին` ԱՆԱՄՈԹ ԿԱՅՖՈՎ, կշարունակեմ ըմբոշխնել ու քարոզել ջազ, ռոք, փոփ, դիսկո ու նման պիղծ բաներ: Իսկ հիմա` ով ընկերս է, թող միանա, միասին վայելենք Deep Purple-ի ամենամեղսալից (   ) գործերից մեկը` «Pictures of home» Հատկապես ըմբոշխնեք 1:38 րոպեից` սոլոկիթառիստ Ritchie Blackmore-ի` հարդ ռոքի ամենաՆՈՂԿԱԼԻ ու ԴԺՈԽԱՅԻՆ սոլոներից մեկը, մինչև էդ սոլոյի վերջի սպանող վիբրացիան:   
Հ.Գ. 1. Ասեմ նաև, որ ես մի տասը տարի հարդ ռոք ու ջազ ռոք եմ նվագել. ու հույս ունեմ ապագայում էլ նվագելու:  
Հ.Գ. 2 Ու հանկարծ մտքներովդ չանցնի, թե ինձնից շատ եք Կոմիտաս սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել