Հիշո՞ւմ եք` տարիներ առաջ Աննա Խաչատրյանն ու Անի Քրիստին դարձել էին քննարկման թեմա` չկարողանալով կիսել «Կարոտ» երգը: Արդյունքում երկուսն էլ ձայնագրեցին այն, նկարահանեցին տեսահոլովակ... աղմուկը մարեց, իսկ մեզ մնաց այդ գեղեցիկ երգի երկու հրաշալի մեկնաբանություն` երկու պրոֆեսիոնալ ու հզոր երգչուհիների կատարմամբ:
Եվ ահա այս գարնանը, երբ Վարսան թողարկեց «Le reve brise» («Փշրված երազ») երգի տեսահոլովակը, մեր շոուբիզնեսի «ծանր հրետանի» Սոնա Շահգելդյանը մեծ աղմուկ բարձրացրեց` նշելով, որ այդ երգն ի սկզբանե իր համար էր գրված` լուտանքներ ու մեղադրանքներ թափելով Վարսայի գլխին:
Օրեր առաջ Սոնան, մնալով հավատարիմ իր խոստմանը, հանդիսատեսի դատին ներկայացրեց «Le reve brise» երգի (երաժշտություն` Նարինե Զարիֆյան, խոսք` Զավեն Հարությունյան) իր մեկնաբանությունը` տեսահոլովակի տեսքով:Այժմ երկու բառով տարբերությունների մասին: Իհարկե, ես ոչ երաժշտական քննադատ եմ, ոչ էլ պրոֆեսիոնալ վերլուծաբան, ուղղակի արտահայտում եմ միջին վիճակագրական երաժշտասերի կարծիք: Նախ ասեմ, որ տեսահոլովակի առումով Վարսան առջևում է: Վարսայի մոտ առնվազն կա կերպար, գույներ, պատմություն, հետաքրքիր սիմվոլիկ լուծումներ, իսկ ահա Սոնայի տեսահոլովակը կարծես Օպերայի և բալետի թատրոնի գովազդային հոլովակ լինի. ակնհայտ դիսոնանս կա երգի տրամադրության ու հոլովակի տրամաբանության միջև: Վոկալային առումով ոչինչ չեմ կարող ասել, երկուսն էլ յուրօրինակ են ու իրենց բարձունքում են: Բայց, ահա, երգի տեքստի մատուցման առումով Սոնան զիջում է Վարսային` իր վառ արտահայտված երբեմն սխալ շեշտադրություններով. պարզ հասկացվում է, որ կատարողն ընդհանրապես չունի տվյալ լեզվի լեզվազգացողություն (սա կոնկրետ ֆրանսերենի մասնագետների կարծիքով): Մյուս կողմից, եթե վերաբերվենք այս երգերին զուտ կատարողական առումով, անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ նախապատվությունս տալիս եմ Սոնայի կատարմանը` համարելով այն ավելի հզոր: Իսկ աշխատանքներն ընդհանուր վերցրած` տեսահոլովակ, ասելիք, գրիմ ու հագուստ, դրամատուրգիական լուծումներ ու, այս ամենով պայմանավորված, արդյունքում Սոնայի կատարած աշխատանքն անհամեմատ կաղում է` զիջելով Վարսային:
ՀԳ. Ինչ եմ ուզում ասել, բարձրացրած աղմուկից հետո Սոնան պիտի քառակի, տասնյակ ավելի լավ աշխատեր ու ներկայացներ էնպիսի մի գործ, որ քննադատությունների տեղ չմնար: Այլ կերպ ասած` խոսքը գործով ապացուցեր, ինչը, ցավոք, նրա մոտ չստացվեց:
ՀՀԳ. Ահա երկու հոլովակների հղումները, որպեսզի կարողանաք դուք էլ տեսնել ու կարծիք կազմել երկու աշխատանքների մասին: