
PanARMENIAN.Net -ը գրում է.
«Ցավոք, հրադադարի մասին համաձայնագիրը երբեմն խախտվում է, ես տեղեկություններ եմ ստանում երկու կողմերից և փորձում եմ ստուգել իրավիճակը»,-լրագրողներին է հայտարարել Բաքվում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչԱնջեյ Կասպշիկը՝ մեկնաբանելով հրադադարի խախտման դեպքերը:
Նա նշել է, որ իր մանդատի էությունն այն է, որ վստահության միջոցներ հաստատվեն կողմերի միջև. «Բոլորը պետք է հասկանան իմ մանդատի էությունը, որը ոչ թե ուսումնասիրելն է, այլ տեղեկատվությունն ու վստահության միջոցները կողմերի միջև:
Այդ միջոցները բազմիցս են օգնել լիցքաթափել իրավիճակն ու նվազեցնել լարվածությունը: Լարվածության նվազեցում նշանակում է ավելի քիչ զոհեր, ավելի քիչ տուժածներ, և դա իմ աշխատանքի գլխավոր նպատակներից մեկն է այստեղ: Այդպիսին էլ կմնա»,-հայտարարել է Կասպշիկը «ԱՊԱ»գործակալությանը:
Հոկտեմբերի 17-ին, ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր էր հերթական մոնիտորինգն անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Բայց «պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այդ կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տարածել են հերթական դեկլարատիվ հայտարարությունը՝ նշելով, որ «նման բացառիկ միջադեպերը, որոնք ափսոսանքի են արժանի, խախտում են անձնական ներկայացուցչի ու նրա թիմի աշխատանքը, ինչպես նաև 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիրը»: Տավուշի մարզում Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Դեպքը տեղի է ունեցել այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):