Ջորջ Փեթոնը գեներալ էր, ով ամերիկյան զորքերի հրամանատարն է եղել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ծառայության 36 տարիների ընթացքում իր անգնահատելի ավանդի համար նա արժանացել է տարբեր կոչումների և շքանշանների: Փեթոնն իբրև վառ անհատականություն աչքի էր ընկնում թե՛ մարտի դաշտում, թե՛ առօրյայում: Նրա կրծքավանդակը զարդարված էր շքանշաններով, գլուխը ծածկված էր փայլփլուն սաղավարտով, իսկ գոտուց ամրացված էր երկու ատրճանակ: Նրա ենթակայության ներքո ծառայողները տրտնջում էին բացարձակ կարգապահության նրա պահանջից, թեպետ գիտեին, որ նրա խստությունը ավելացնում էր հաղթանակի հավանականությունը: 

Փեթոնը, ինչպես և շատ այլ պատմական կերպարներ, հեռու էր կատարելությունից:  Նա հաճախ խնդիրներ էր ունենում իր պահվածքի ու արտասովոր խառնվածքի պատճառով: Նրա մասնակցությամբ ամենահայտնի հակասական միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա հիվանդանոցում ապտակել է պատերազմից հոգնատանջ մի մարդու և նրան վախկոտ անվանել:

Նա իր աշխատանքին գերազանց էր տիրապետում: Փեթոնը ծնված էր հրամանատար դառնալու համար: Անշուշտ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն ընդունի նրա փիլիսոփայությունը, սակայն անհերքելի է, որ նա լավ առաջնորդ էր և կարողանում էր ոգեշնչել իր զինվորներին: Նրա խոսքերը գնդակի հարվածի պես անշեղ ազդեցություն ունեն շատ մարդկանց վրա:

patton

Ոչ մի լավ որոշում երբևէ չի կայացվել ճոճաթոռի վրա նստած:

Ոչ մի առողջ մարդ ճակատամարտի ժամանակ անվախ չէ, սակայն կարգապահությունը մարդու մեջ քաջություն է  ծնում:

Մարդկանց երբեք մի ասա, թե ինչպես անել առաջադրանքները, ասա նրանց, թե ինչ է պետք անել, և նրանք կզարմացնեն քեզ իրենց հնարամտությամբ:  

Ընդունե՛ք մարտահրավերները, որպեսզի կարողանաք վայելել հաղթանակի բերկրանքը:   

Հավուր պատշաճի կատարե՛ք ձեր պարտքը, և անտեսեք, թե ինչ հետևանքներ կլինեն:

Ինձ համար նշանակություն չունի` դու սևամորթ ես, թե սպիտակամորթ, միայն թե սպանի՛ր այնքան շատ կանաչ համազգեստ հագած ապիկարների, որքան կարող ես: 

Փառքն անցողիկ է:

Միշտ ի՛նքդ արա այն ամենը, ինչ պահանջում ես քո ենթականերից` օրինակ ծառայելով նրանց համար:

Կարգադրությունների բացակայությունը անգործության արդարացում չէ: Եթե համապատասխան հրաման չեք ստանում, ինքնե՛րդ դիմեք վճռական գործողությունների: 

Առաջնորդն այն մարդն է, ով կարող է հարմարեցնել իր սկզբունքները տրված պայմաններին:

Երբ մարդ ամուսնանում է, նա պետք է նույնքան ճիգ թափի կնոջ սերը չկորցնելու համար, որքան թափել է այն նվաճելու համար: Երկուսի համար էլ շատ տխուր իրավիճակ կլիներ, եթե հանկարծ ամուսինն ասեր. «Հիմա, երբ դու արդեն իմն ես, հարկ չկա, որ անհանգստանամ քեզ կորցնելու համար»: Երբեք նման սխալ թույլ չտաք:

Ես հույս չունեմ, թե կհասնեմ 60 տարեկանի: Բանն այն չէ, որ դա չափազանմց մեծ տարիք է, ես պարզապես նախընտրում եմ ժրաջան աշխատանքից մինչև այդ հասակը մարել:

Ճակատամարտում հաղթելու համար միայն մի բան է հարկավոր: Ձեր միտքը պետք է կառավարի ձեր մարմնին: Երբեք թույլ չտա՛ք, որ ձեր մարմինը թելադրի ձեր մտքին, թե ինչ անել: Եթե միտքն արթուն է, մարմինը չի նվաղի:

Ուշադրությու՛ն դարձրեք, թե մարդիկ ինչին են ցինիկաբար վերաբերվում, և կնկատեք, թե ինչն է նրանց պակասում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել