Երևի էլ երբեք առիթ չեմ ունենա անձրևից կիսաթաց պատուհաններից այն կողմ նայելու, էլ կաթիլների արանքում ստվերդ չեմ փնտրի: Երևի էլ երբեք առիթ չեմ ունենա ժամերով հեռախոսիս չվառվող էկրանին նայելու, էլ չեմ սպասի ոչ մի հաղորդագրության, կլինեն միայն բջջային օպերատորների հաղորդագրությունները: ՈՒ երևի էլ ոչ մի զանգ էլ չստանամ, էլ երբեք լաց չլինեմ վերմակիս տակ, կամ կիսաթաց աչքերով գիշերվա կեսին հեռախոսով չխոսեմ պատշգամբում: Երևի դեմքիցս էլ երբեք չանհետանա ժպիտը, տրամադրությունս չընկնի, երբ չլինես:
Երևի արդեն հարմարվել եմ, բայց շարունակում եմ գրել քո մասին: Կուզեի հիմա ուղեղումդ ապրել, որ հասկանայի, թե ինչ ես մտածում ամեն անգամ ինձ տեսնելիս, իսկ դու ինձ տեսնում ես` ես ամենուր եմ: Կուզեի բառերդ հաշվել, որ հասկանամ, թե քանիսն են իմ մասին, սրտիդ զարկերի ուժգնությունը նկատել, ամեն անգամ, երբ ստվերի պես անցնում եմ կողքովդ: Ու երևի դեռ երկար կապրեմ հիշողություններով, դեռ երկար ինքս ինձ կստիպեմ մոռանալ, կստիպեմ թքած ունենալ վրադ:
Երևի, որովհետև մենք շատ տարբեր էինք, անգամ մեր երազանքներն էին տարբեր. Երբ դու երազում էիր 3 երեխա ունենալու ու երջանիկ երեկոներ անցկացնելու մասին, իմ մտքում պտտվում էր Լոնդոնում կրթությանս հարցը: Ես երազում էի լիներ տարբեր քաղաքներում, ճանապարհորդել, արևածագներ ու մայրամուտներ տեսնել աշխարհի տարբեր անկյուններում, իսկ դու` նստել տանն ու ֆեյսբուքում նկարներ փոխանակել: Ես ուզում էի դուրս գալ փողոց, թափառել անձրևի ու ձյան տակ, քայլել քաղաքի լույսերի ներքո, իսկ դու ուզում էիր նստել տանը, փոխփխել հեռուստացույցի ալիքներն ու ֆուտբոլ նայել, էլի ֆուտբոլ նայել, էլի ու էլի: Որովհետև մենք այնքան տարբեր էինք. Մեր գրքերը, մեր երաժշտությունը, մեր հագուստը: Իմ կեդերն ու թափթփված քայլվածքն այդպես էլ չէին տեղավորվում քո ուղեղում:
Երևի մի օր էլ չեմ ուզենա ուղեղումդ ապրել, կամ բառերդ հաշվել, որովհետև մենք շատ տարբեր էինք:
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2013/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել