1in.am-ը գրում է.

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկայա բնակավայրում հայ ընտանիքի նկատմամբ դաժան հաշվեհարդարը դեռևս չի բացահայտվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստավրոպոլում բնակվող հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանն ասաց, որ իրենց երեխաների սպանության գործից իրեն ու կնոջը ոչինչ հայտնի չէ, բացի մի քանի նախաքննական գործողության մասին տեղեկությունից: Ըստ նրա՝ ձերբակալվել են հանցագործության մեջ կասկածվող երկու անձ, բայց թե ովքեր են, ինչ են, նախաքննական մարմինն իրենց ոչինչ չի ասում:

«Ասում են՝ մեկը տուն մտնողն է, մյուսը՝ վարորդը: Մյուսների վերաբերյալ ասում են, որ աշխատում են, որ նախաքննությունը շարունակվում է: Իսկ ամենամեծ բարդությունն ապացուցելն է, կասկածներ կան, բայց նրանք չեն ընդունում, որ իրենք են կատարել այդ հանցագործությունը»,- տեղեկացրեց Ստավրոպոլում բնակվող հայ ֆերմերը: 

Վերջինս նաև ասաց, որ ակնկալում էին արձագանքներ և հետևողականություն նաև Հայաստանից ու ՀՀ իշխանություններից, բայց ոչ մի արձագանք ու ուշադրություն չեն ստացել դեռևս: 

Հիշեցնենք, որ անհայտ անձը ներխուժել էր ազգությամբ հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանի տուն և գնդակահարել նրա ընտանիքի անդամներին: Արդյունքում նրա երեխաները՝ 16-ամյա Արսեն Ղազարյանը և 11-ամյա Լիանա Ղազարյանը, մահացել էին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ նրանց մայրը՝ Թամարա Ղազարյանը, վիրավորվել էր: 

Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ հանցագործը հայ ֆերմերի տուն էր ներխուժել տանիքով և վերնահարկով: Մուտք գործելով Ղազարյանների հյուրասենյակ, որտեղ բազմոցին քնած են եղել Արսեն և Լիանա Ղազարյանները, հանցագործը կարծել է, թե նրանք ծնողներն են, և մի քանի կրակոց է արձակել: Ինչպես տեղեկացրել էր ռուսական Lifenews-ը, աղմուկից սենյակ էր մտել երեխաների մայրը՝ Թամարա Ղազարյանը, իսկ հանցագործը հասկանալով, որ սխալվել է, կրակել էր նրա ուղղությամբ և փախել, սակայն արձակված փամփուշտը մնացել էր ատամի մեջ: Հանցագործը եղել էր դիմակավորված: 

Հարուցվել է քրեական գործ սպանության և ապօրինի զենքի շրջանառության հատկանիշներով: Ոստիկանությունը քննում է դաժան սպանության հանգամանքները՝ քննարկելով մի քանի վարկած: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, քննարկվում է բռնության երկու վարկած՝ անձնական թշնամանք և գործնական խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել