1in.am-ը գրում է.

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաազդեցիկ 9 կանանց, ովքեր ներառվել են 2013-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Այս մասին հայտնում է «Վզգլյադը»:

Օրերս հրապարակված մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը գլխավորել է Վլադիմիր Պուտինը: 72 հզոր համաշխարհային քաղաքական, հասարակական գործիչների ու գործարարների շարքում, ի տարբերություն նախկին վարկանիշների, ավելի շատ կանայք են հայտնվել: Թույլ սեռը զբաղեցնում է ցուցակի 12 տոկոսը. վարկանիշում ընդգրկված է 9 կին: 2011 և 2012 թվականներին առաջատարների ցուցակում եղել է 6 կին, 2010-ին նրանք ընդամենը 5-ն էին, իսկ 2009-ին՝ 3-ը:

Յուրաքանչյուրը գնահատվել է ըստ երեք գործոնների՝ կարողություն, ներկայություն մամուլում, ազդեցություն ոլորտի վրա:

Իննյակի առաջատարը 4-րդ անգամ անընդմեջ և պատմության մեջ 8-րդ անգամ դարձել է Անգելա Մերկելը, ով ընդհանուր վարկանիշի 5-րդ հորիզոնականում է: Ազդեցիկ կանանց վարկանիշի երկրորդ տեղում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն է: Երրորդ հորիզոնականում է Հնդկական ազգային կոնգրեսի 66-ամյա առաջնորդ Սոնյա Գանդին: ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը 4-րդ հորիզոնականում է: Հնգյակը եզրափակում է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն: 

Ցուցակում են նաև IBM-ի ղեկավար Վիրջինիա Ռոմետին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը, New York Times-ի առաջին կին գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ջանեթ Յելենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել