Aysor.am-ը գրում է.

«Գինեգործական սեզոնը շարունակվում է. այս տարվա առանձնահատկությունը խաղողի ուշ բերքահավաքն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպամն ժամանակ փոխանցեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Բանախոսը ուշ խաղողաբերքահավաքը պայմանավորեց մթերողների կողմից խաղողի որակական հատկանիշների պահանջների խստացմամբ. Ուշ հավաքելու դեպքում խաղողի շաքարայնությունը ավելի բարձր է և նպաստավոր հատկապես գինեգործության համար:

Նա հիշեցրեց, որ կոնյակագործության համար նպաստավոր է խաղողի սեպտեմբերյան բերքահավաքը, իսկ գինու համար` հոկտեմբերյան: Սակայն վերջին տարիներին ձևավարվել էր խաղողի տարերային բերքահավաք, որից էլ մթերման ժամանակ խնդիրներ էին առաջանում, սակայն վերջին տարիներին իրավիճակը կայունացել է:

Ա. Հարությունյանը նշեց, որ 2013թ-ին, թեև խաղողի բերքահավաքը չի ավարտվել, սակայն արդեն 10 տոկոսով ավելի է խաղող մթերվել, քան 2012թ-ին. մթերվել է 166 500 տոննա տեխնիկական խաղող: Դեռևս 2-3 կազմակերպություններ շարունակում են մթերել:

166 հազար տոննա խաղողի 55 տոկոսը մթերում է երեք կազմակերպություն` «Նոյը», «Երևանի կոնյակի գործարանը» և «Պռոշյանի գինու և կոնյակի գործարանը»: «Տնտեսությունը բևեռացված է մոնոպոլ երանգներով»,- շեշտեց Ավագ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել