
Մորգան Մասենը լուսանկարում է սերֆինգի ամենակարկառուն աստղերին: Նրանցից շատերն իր ընկերներն են: 23-ամյա Մասենը ճանաչում է ձեռք բերել սերֆինգի լուսանկարչության աշխարհում իր գեղագիտական բարձր ճաշակի շնորհիվ: Նրա լուսանկարներն աչքի են ընկնում պայծառ գույներով: Դրանք շարժման մեջ արված լուսանկարներ են:
Նրա լուսանկարների հանդարտությունը զարմանալի է` հաշվի առնելով նրա աշխատանքային պայմանները: Նա աշխատում է կոմերցիոն և խմբագրական նախագծերում: Նրա աշխատանքը կարող է քաոսային թվալ. մի խումբ մարդիկ` ատլետներ, վարորդներ, մատակարարներ, անձնական օգնականներ, հասարակյնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ, միասին աշխատում են նեղ տարածության մեջ լարված գրաֆիկով:
«Լուսանկարիչները կարող են պարզապես մոլորվել այս թոհուբոհի մեջ», - ասում է Մասենը:
Մասենը կարողանում է առանձնանալ այս թոհուբոհից: Նա հայտնաբերում է սերֆինգի ասպարեզի ամենակարկառուն դեմքերի բնավորության խաղաղ գծերը և դրանք արտացոլում իր լուսանկարներում: Նա ասում է, որ ինքը ցած է դնում տեսախցիկը և շփվում ու մտերմանում ատլետների հետ ճանապարհորդության ընթացքում և աշխատանքից ազատ ժամանակ: Որոշ ժամանակ անց նրանք ընկերանում են:
Շատ այլ մարդկանց նման Մասենը հաջողության է հասել ժրաջան աշխատանքի և բարեհաճ ճակատագրի շնորհիվ: Լինելով որսորդի զավակ` Մասենը մեծացել է Խաղաղ օվկիանոսի ջրերում նավարկելով, ձկնորսությամբ և սերֆինգով զբաղվելով: Պատանեկության տարիներին նրա մոտ լուսանկարչության հանդեպ հետաքրքրություն առաջացավ, և նա սկսեց լուսանկարել իր շրջակայքում հանդիպող իրերն ու մարդկանց: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա բավականաչափ գումար չուներ Բրուքսի ինստիտուտի նման հեղինակավոր կրթական հաստատությունում սովորելու համար:
Այնուամենայնիվ, դա նրան չխանգարեց հաջողության հասնել: Նա այնպիսի հաճախորդներ ունի, որոնց մասին կերազեին բազում լուսանկարիչներ: Նրա հաճախորդներից են Էփլը, Մայքը, Մինի Քոփերը, Կորոնան և այլն:
«17 տարեկանում ես պատրաստ էի ամեն ինչի Բրուքս ընդունվելու համար: Հետադարձ հայացք գցելով անցյալին` ես պետք է խոստովանեմ, որ իմ բախտը բերել է, որ ես այնտեղ չեմ ընդունվել», -ասել է Մասենը:
Իր ներկայիս հաջողությունների համար նա ինչ-որ չափով պարտական է նաև սոցիալական մեդիային: Երբ Մասենը կատարելագործեց իր լուսանկարչական ընդունակությունները, նա էջ բացեց Ինստագրամում: Էջն այժմ ավելի քան 20000 հետևորդ ունի: Նրանցից մեկը Մասենի լուսանկարներից մեկը ցույց տվեց իր կնոջը: Նրա կինը մարկետինգի գծով ղեկավար էր Բիլաբոնգում` սերֆինգի տախտակների (լողատախտակների) և սերֆինգի համար նախատեսված հագուստի պատրաստմամաբ զբաղվող ընկերությունում: Այդ պահից Մասենի կարիերայում շրջադարձային ժամանակաշրջան սկսեց: Նա այժմ ամսական երեք շաբաթ անցկացնում է ճանապարհորդելով տարբեր երկրներ` այնտեղ սերֆինգի թեմատիկայով լուսանկարներ անելու համար:
«Ես փորձում եմ դրա մեջ ներդնել իմ սեփական ոճը: Ես կարող եմ միայն այնպիսի լուսանկարներ նկարել, որոնք երջանկացնում են ինձ: Ես կնախընտրեի առհասարակ լուսանկարչությամբ չզբաղվել, քան այնպիսի լուսանկարներ անել, որոնք ինձ երջանկություն չեն պատճառում», -ասում է Մասենը:
Շարժման մեջ արվող սպորտային լուսանկարները ստանալու համար Մասենն օգտագործում է Nikon D4: Նա հետագայում չնչին մշակման է ենթարկում լուսանկարները «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով:
Մասենի համար ներշնչման աղբյուր են հանդիսանում այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Վասիլի Քանդիսկին, Ջին Մայքլ Բեսքուիթը և Էշլի Բիքերթոնը: Մասենը մեծ ցանկություն ունի զբաղվել նաև կինոնկարների արտադրությամբ: Այս ոլորտում նրա համար ներշնչանքի աղբյուր են հանդիսանում Վերներ Հերցոգը, Դարեն Արոնոֆսկին և Գասպար Նոն:
Թեպետ Մասենը սիրում է և՛ սերֆինգով զբաղվել, և՛ լուսանկարել, նա տարբեր հարթություննների վրա է դիտարկում այս երկու զբաղմունքները: Նրա համար միակ մնայուն բանը օվկիանոսն է, որը միշտ հանդարտություն է փոխանցել երիտասարդ լուսանկարչին և ոգեշնչել նրան:





















