1in.am-ը գրում է.

Իսրայելի հետ բանակցություններում Պաղեստինի պատվիրակության ղեկավար Սաիբ Արկատը և նրա օգնականը՝ ՖԱԹՀ շարժման ականավոր գործիչ Մուհամադ Շտայան, հրաժարականի դիմում են ներկայացրել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին՝ հաղորդում է Maan գործակալությունը:

Աբասը կարող է ընդունել կամ մերժել դիմումը: Նա Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեին կոչ է արել որքան հնարավոր է շուտ հավաքվել՝ ծագած խնդիրը քննարկելու համար:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Արկատը և Շտայան հրաժարականի դիմում են ներկայացրել այն պատճառով, որ Իսրայելը «բավականաչափ հակված չէ» խաղաղ բանակցությունների առաջընթացին և այս շաբաթ հայտարարել է Արևելյան Երուսաղեմում 1500 կացարան կառուցելու մասին:

Պաղեստինի իշխանությունները խստորեն դատապարտել են Իսրայելի այս որոշումը՝ նշելով, որ այդ քաղաքականությունը խափանում է կարգավորման գործընթացը:

Դիտորդները նշում են, որ Պաղեստինի պատվիրակության ղեկավարության հրաժարականի մասին հաղորդագրությունը հայտնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 5-ին տարածաշրջան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել