Lragir.am-ը գրում է.

Իրանի հավերժական երազանքն է ձեւավորել Թուրքիայից ու Արաբական պետություններից «անկախ» հաղորդակցություններ Եվրոպայի ուղղությամբ, որի հետ Իրանն ունի բազմամիլիարդանոց ներմուծում-արտահանում: Վերջին շրջանում այդ երազանքին ավելացել է լրացուցիչ հավակնություն՝ Եվրոպայի ճանապարհին շրջանցել նաեւ Ռուսաստանը:

Իրանական արտահանման զանազան կլաստերների մեջ գազը դասվում է ռազմավարականի շարքին, որը ոչ մի կերպ չի հաջողվում ուղղել հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: Եվրոպական պետությունները չեն քննարկում իրանական գազի ներմուծման հարցը, այն համարելով վտանգավոր ու ռիսկային նախագիծ: Ներկայում Եվրոպայում գազի սպառումը պիկային չէ, սակայն այդպես երկար չի շարունակվելու: Եվրոպացիները հասցրել են զգալ ռուսական գազից կախվածության որոշակի թուլացումը եւ կցանկանային հետագայում էլ դիվերսիֆիկացնել ներմուծումը:

Բոլոր շահագրգիռ կողմերը սպասում են հանգուցալուծմանը Սիրիայում, քանի որ Իրանը պատրաստ է կառուցել հզոր գազամուղեր դեպի սիրիական եւ լիբանանյան նավահանգիստներ, Իրաքի տարածքով:

Ոչ միայն եվրոպական, այլեւ ամերիկյան ընկերություններն են մեծ սպասումներով հետեւում Սիրիայի իրադարձություններին եւ ձգտում են բաց չթողնել մասնակցությունն այդ նախագծերին:

Իրանցիներն ու եվրոպացիները հյուսիս-արեւմտյան ուղղությամբ գազի մատակարարման նախագծերում մշտապես դիտարկել են հարավկովկասյան երթուղին: Անշուշտ, դա կհանգեցնի Ռուսաստանի դիմադրությանը, սակայն ամեն ինչ կախված է այն պետություններից ու ընկերություններից, որոնք շահագրգիռ են այս նախագծով:

Ռուսաստանն այդպես էլ չի կարողացել կանխել Հարավային Կովկասում էներգահաղորդակցությունների կառուցումը, սակայն բավական հեշտ կարողացել է տապալել դեպի Հայաստան իրանական գազի տեղափոխման առավել մասշտաբային նախագիծը:

Չնայած նրան, որ Իրանը կտրուկ դեմ է Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունները զարգացնելուն, սակայն Արեւմտյան հանրությունը չի ցանկանա իրանական գազի երթուղին կապել Հայաստանի հետ: Միամտություն կլիներ ենթադրել, որ եվրոպացիները սեպտեմբերի 3-ի սկանդալից հետո թույլ կտան «հայկական երթուղու» իրականացումը, քանի որ դա գործնականում կնշանակեր «ռուսական երթուղի»:

Եթե այս ուղղությունը քննարկվի եւ դառնա ակտուալ, Արեւմուտքն, իհարկե, պնդելու է «ադրբեջանական երթուղու» վրա, եւ Իրանը կարող է համաձայնվել:

Ընդհանուր առմամբ, Արեւմտյան հանրությունից Հայաստանի մեկուսացումը հանգեցնում է նրան, որ Իրանը կորցնում է հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Իրանը մշտապես շահագրգիռ է եղել Ռուսաստանից Հայաստանի անկախության ուժեղացման եւ Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերությունների զարգացման մեջ:

Ինչպես հայտնի է, աշխարհում «ռազմավարական քաղաքականության» հանդեպ հետաքրքրության կորստի պայմաններում, Իրանը շարունակում է սեփական արտաքին քաղաքականությունը ծրագրել ռազմավարական խնդիրների հաշվարկով: Դա իրանական քաղաքականության առանձնահատկությունն է: Մի կողմից, դա կանխատեսելիություն է հաղորդում իրանական քաղաքականությանը, մյուս կողմից՝ դժվար է ստիպել իրանցիներին սրբագրել արտաքին քաղաքականությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել