1in.am-ը գրում է.
Այս գիշեր Գազայի հատվածի սահմաններում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 4 պաղեստինցի գրոհային, վիրավորվել՝ 5 իսրայելցի զինվորական: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը և ՀԱՄԱՍ շարժման մարտական թևին:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները ոչնչացրել են թունելները, որոնք պաղեստինցիները փորել էին Իսրայել մուտք գործելու համար: Բանակի մամլո ծառայության փոխանցմամբ՝ գրոհայինները գործի են դրել պայթուցիկ սարք, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի 5 զինծառայող:
Պատասխան հարվածի հետևանքով սպանվել է մեկ պաղեստինցի, ավելի ուշ՝ ևս երեքը: ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հաղորդագրության համաձայն՝ զոհվածների թվում են երկու դաշտային հրամանատարներ:
Պաղեստինցիների տվյալներով՝ գործողության ժամանակ իսրայելցիները մտել են Գազայի հատված: Իսկ Իսրայելի բանակային մամլո ծառայությունը հայտարարել է երկու «ահաբեկչական թունելների» ոչնչացման մասին և դեպքի պատասխանատվությունը դրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ պաղեստինցի իսլամիստներին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: