Aysor.am-ը գրում է.

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց է կատարել Բեռլին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: 

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գերմանացի գործընկերոջ՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Գիդո Վեստերվելեն ասել է, որ Հայաստանը և Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն և ընդգծել է, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. 

«Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը»,- ընդգծել է նախարար Վեստերվելեն։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է նշել, որ երկու երկների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում փոխգործակցությունը։

Նախարարները վստահություն են հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել