ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների մասին տվյալները ու պատկերն էլ ավելի զարհուրել է, քան անցած տարի, որն ինքնին սարսափելի «արդյունավետ էր» արտագաղթի տեսակետից: 2013 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում մեկնում-ժամանումների ցուցանիշը կազմել է -122.191:
Հասականալի է, որ այս թվի մեջ մտնում են նաև խոպանչիներն ու զբոսաշրջության մեկնած մեր հայրենակիցները, ինչպես նաև տարբեր ծրագրերով ու գործերով կարճ ժամանակով արտասահման մեկնած մարդիկ, բայց որպեսզի հասկանաք, թե սա ինչ ծավալներ են, բերեմ ԱՎԾ-ի անցած տարվա առաջին 9 ամիսների տվյալները. դրանք կազմում են 109.405:
Այսինքն, այս տարի 12 տոկոսով ավելի է ահագնացել այս գործընթացը, իսկ քանի որ տնտեսական վիճակի բարելավման մասին ոչ մի բան չի խոսում, պետք է ենթադրել, որ այդ ոչ թե մեր հարստացած քաղաքացիներն են գնում ֆռֆռալ-գալու, այլ փախչում են երկրից: Ի դեպ, անցած տարի արտագաղթողների թիվը մոտ 50000 հազար կանգնեց ու այս տարի ամենայն հավանականությամբ կլինի էլ ավելի:
2012-ին հայտարարվեց, որ Հայաստանի բնակչությունը մոտ 2.9 միլլիոն է, ուտի շնորհավորում եմ մեր Կառավարությանը, իշխանություններին, ընդդիմությանը մտավորականությանը ու բոլոր մնացած կողմերին, ովքեր պատասխանատու են երկրի բարօրության համար. Ձեր ջանասեր աշխատանքի շնորհիվ, Հայաստանի բնակչությունը 2014 թվականին կդառնա արդեն 2.8 միլլիոն: Սա բոլորիդ մեղավորությունն է:
Այո՛, սա բոլորի մեղավորությունն է, բոլոր նրաննց, ովքեր 22 տարվա մեջ այնպես բռնաբարեցին պետությունն ու անկախությունը, որ այսօր ավելի քան լուրջ վտանգ կա, որ տեսանելի ապագայում Հայաստանը անգամ չի ունենա բավարար մարդկային ռեսուրս, որպեսզի իր սահմանները պաշտպանի, ուր մնաց թե պետականություն ու առողջ հասարակություն կառուցի: Ընդ որում, տեսանելի ապագան դեռ շատ լավատեսական է ասված, որովհետև եթե հաշվի առնենք, որ արտագաղթողների զգալի մասը արական սեռի ներկայացուցիչներ են, ովքեր առաջինն են գնում, որ հետո ընտանիքներին էլ բերեն մոտները, ապա մենք այսօր արդեն կանգնած ենք գենոֆոնդը կորցնելու վտանգի առջև:
Եթե չկա ժողովուրդ, ապա դա նշանակում է, որ չկա պետականության, պետության ու անկախության սուբյեկտը, ահնուն որի այդ հասկացողություններն ու իդեալները պետք է ծառայեն, այնպես որ, պարոնայք, համը ոչ միայն հելնում ա, այլև մի քանի տարուց մենք այնպիսի խորը փոսի մեջ կլինինենք, ինչպիսին չենք եղել անգամ 1915-1920 թվականներից:



