Կերը թանկացել է. Ձու արտադրողների պատճառաբանությունը` ՏՄՊՊՀ-ինPanorama.am-ը գրում է.

Ձվի շուկայում արձանագրված գնաճի պատճառները հասկանալու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրություններ է սկսել, դրանք դեռ կշարունակվեն:

«Մեր տեսադաշտում պահում ենք չորս խոշոր տնտեսվարող սուբյեկտների գործունեություն, և համաձայն մի շարք խոշոր առևտրային կենտրոններում իրականացվող դիտանցումների, ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսների համեմատ ձվի 5 դրամի գնաճ կա»,-Panorama.am-ին ասաց ՏՄՊՊՀ մրցակցության գնահատման բաժնի պետ Մանուկ Միքայելյանը: Նրա ներկայացմամբ, հոկտեմբերի 30-ի դիտանցումը ցույց է տվել, որ օրինակ «Երևան-սիթիում» 69 դրամով ձու կարելի է գնել:

Նույն օրը` հոկտեմբերի 30-ին Panorama.am-ի թղթակիցը եղավ Օհանով փողոցում գործող «Երևան սիթի»-ում, որտեղ ձուն արժեր 70, ոչ թե 69 դրամ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013 թ. հունվար-սեպտեմբեր սպառողական գների ինդեքսի համաձայն, 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 38.6%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 9.4% գնաճ, 2013թ. օգոստոսին էլ` հուլիսի համեմատ գրանցվել էր 1.2% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է ձվի 7.6-19.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.8%-ով:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ուսումնասիրությունների համաձայն, Երևանյան խանութներում ձուն թանկացել է մինչև 20 դրամով: 

Հանձնաժողովի մասնագետները գրանցված գնաճի վերաբերյալ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Արաքս», «Արզնի», «Լուսակերտ», ինչպես նաև ոչ գերիշխող դիրք զբաղեցնող«Աշտարակ ձու» ընկերություններից հիմնավորումներ ու պարզաբանումներ են ուզել: 

Ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելիս մասնագետները պարզել են, որ հավերին տրվող կերի բաղադրիչներն իրոք թանկացել են:

«Օրինակ, արևածաղկի բուսական յուղը թանկացել է 11.16 տոկոսով, պրոտեիները` 12 տոկոսով, կոշտ կերային ցորենը` 11 տոկոսով, եգիպտացորենի հատիկները` 6.77 տոկոսով: Ձվի ինքնարժեքում կերը լուրջ կշիռ ունի` մոտ 70 տոկոս, բացի դա թանկացել է գազը, էլեկտրաէներգիան, ստվարաթղթե արկղերը, որոնց մեջ դրվում է ձուն, կան այլ ծախսեր` աշխատավարձեր, վարչական ծախսեր և այլն»,-ներկայացրեց ՏՄՊՊՀ բաժնի պետը: 

Հիմա հանձնաժղովում փորձում են պարզել, արդյո՞ք ձվի թանկացումը համարժեք է այդ թանկացումներին, թե ոչ, ինչից հետո կարող են ասել, 5 դրամի բարձրացումը հիմնավոր է, թե չէ:

«Այն, որ որոշակի կոմպոնենտներ թանկացել են, և ձուն պետք է թանկանար, ես այս պահին կարող եմ ասել, որ այդպես է, բայց հարցը հետևյալն է, պետք է հի՞նգ դրամով թանկանար, թե՞ ավելի քիչ կամ շատ թանկանար»,-ասաց Միքայելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել