Lragir.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը վերանայել է այսպես կոչված նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման մասին որոշումը եւ նախ մեկ ամսով հետաձգել դրանք կիրառելու պարտադրանքը՝ նոյեմբերի 1-ի փոխարեն դեկտեմբերի 1, ու նաեւ իջեցնել ՀԴՄ-ների գինը՝ 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցողներին վաճառել 280 հազար դրամով, իսկ դրանից փոքրերին՝ 150 հազար դրամով:

Կառավարությունը փաստացի ընդառաջում է գործարարներին, որոնք ունեն նոր սերնդի ՀԴՄ կոչվածի ներդրման դեմ բազմաթիվ բողոքներ, այդ թվում գնի հետ կապված:

Սակայն կառավարության այդ ընդառաջ քայլը ոչ այլ ինչ է, քան կամա թե ակամա խտրականության դրսեւորում: Բանն այն է, որ մինչ այժմ կառավարությունը սահմանել էր խոշորների համար այլ գին՝ մոտ 400 հազար դրամ: Բազմաթիվ գործարարներ, որ գտնվում են այսպես ասած սպասվելիք որոշմամբ 280 հազար գնի կատեգորիայում, արդեն ձեռք են բերել ՀԴՄ նոր ապարատները մոտ 400 հազար դրամով: Բանն այն է, որ այդ գործարարները ձեռք են բերել, քանի որ կար հստակ ժամկետային պարտադրանք, եւ նրանք չգիտեին, որ կառավարությունը պարբերաբար հետաձգելու է կիրառման ժամկետներն ու նվազեցնելու է ձեռքբերման գները:

Եվ հիմա հարց է առաջանում՝ ինչքանով է արդարացի, երբ միեւնույն կատեգորիայի գործարարների մի մասը ձեռք է բերում ՀԴՄ-ները թանկ գնով, իսկ մյուս մասի համար կառավարությունը հետագայում էժանացնում է գինը: Ո՞վ է փոխհատուցելու այն գործարարներին, որոնք լինելով առավել բարեխիղճ եւ օրինապահ, թանկ են վճարել: Փաստացի ստացվում է, որ առավելագույն օրինապահությունն ու բարեխղճությունը Հայաստանում շատ թանկ են նստում: Կառավարության բավական խոստումնալից մեսիջ է գործարարներին ու քաղաքացիներին:

Ընդ որում, նույնը նաեւ 150 հազար դրամանոց ՀԴՄ-ների կատեգորիայի գործարարներին է վերաբերում, որոնցից շատերն էլ պարզապես հետեւելով կառավարության նախկին որոշմանը, դժգոհելով դրանից, այդուհանդերձ ձեռք էին բերել ՀԴՄ ապարատները, որպեսզի աշխատեին ըստ օրենքի եւ կարգի: Փաստորեն նրանք էլ օրինապահ ու կարգապահ լինելու համար ավելի թանկ են վճարում:

Հետեւաբար ստացվում է, որ հերթական անգամ կառավարությունն ընդունում է մի որոշում, որը նախկին որոշումների ակնհայտորեն չմտածված, իրականությունից բացարձակ կտրված լինելու հետեւանք է, եւ որն ուղղելով սակայն կառավարությունը ոչ թե վերացնում է ինչ որ խնդիրներ, այլ նոր խնդիրներ է առաջացնում, ընդ որում հիմնարար խնդիրներ, որովհետեւ իշխանության մեսիջները պետք է իրենց մեջ պարունակեն օրինապահության եւ կարգապահության խրախուսում, ոչ թե հակառակը:

Այլապես ստացվում է, որ առավել օրինապահ եւ բարեխիղճ քաղաքացիները կողոպտվել են ինչ որ մեկի համար, ով ներկրում է նոր սերնդի ՀԴՄ-ները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել