Արտերկրում ապրող մոտ երեք տասնյակ հանրահայտ ու պարզապես նշանավոր հայազգի անձինք օրերս համատեղ կոչով դիմել են Հայաստանի նախագահին: Համատեղ դիմում-նախաձեռնության ներքո գրված են կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, դերասանուհի Արսինե Խանջյանի, գրող Պիտեր Բալաքյանի, համաշխարհային մեծության ռոք-աստղ Սերժ Թանգյանի եւ մի շարք այլ անձանց անունները:   Նրանք, ըստ էության, հանդես են գալիս ի պաշտպանություն համասեռամոլների, լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսվիստիտ (ԼԳԲՏ) «համայնքի» իրավունքների, հօգուտ նույնասեռականության քարոզի ու նման բաների: Ճիշտ է, այդ ամենը «փաթեթավորվում» ու ներկայացվում է որպես կոչ՝ ապահովելու «բոլորի հավասարությունը օրենքի առջեւ»:    Ըստ «Սիվիլնեթ.ամ» կայքի հրապարակման, «Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհրաժեշտ համարեց հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երեւանում»: Տպավորի՞չ է: Բայց դա դեռ ինչ:   Այս մեկն ավելի խորն է. «Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց եւ ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը: Իսկ գրող Նենսի Ագաբյանը նշել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում եւ պիտակավորվում են»:    Շարունակե՞նք: «Հայտարարությունը ներկայացնում է նրանց միահամուռ նվիրվածությունը մարդու իրավունքներին եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ծնունդ առնող շարժումներին»,- գրում է նախկին ԱԳ նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ-երրորդ դեմքը համարվող Վարդան Օսկանյանի հետ առնչվող «Սիվիլնեթ» կայքը:    Մեկ այլ աղբյուրի համաձայն, համատեղ կոչի հեղինակները նաեւ նշել են. «Մենք՝ համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը եւ ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից»: Ուղղակի հրաշալի է: Պակաս տեղ չմնաց: Փաստորեն զանազան սեռական շեղումներն ի ցույց դնելն արդեն «ընդդիմադիր ձայներ» է համարվում: «Անկախ կրոնից» ասվածն էլ պետք է հասկանալ, որ այս մարդիկ կրծքով պաշտպանում են զանազան տոտալիտար աղանդների՝ Հայաստանում անարգել քայքայիչ գործունեություն ծավալելու, հայերին կրոնափոխ անելու իրավունքը:    Հասկանալի է, դե, «Կոմայգու» մերձակայքում սանձարձակության բոլոր սահմաններն անցած ու շրջակա բնակիչների համար ուղղակի պատուհաս դարձած դիմումի հեղինակների «ԼԳԲՏ բարեկամները» պարզապես ինքնարտահայտվում են:    Այստեղ են ասել՝ «Oh, my God!» (Աստվա՜ծ իմ):    Թե ի՞նչ օրենքի կամ օրինագծի մասին է խոսքը, այնքան էլ պարզ չէ: Բայց դժվար չէ հասկանալ, որ նույնասեռականության անարգել քարոզչությունը սահմանափակելու հնարավորությանն է առնչվում այդ օրինագիծը, որի դեմ հանկարծ այսպես միահամուռ նախաձեռնությամբ են հանդես եկել, թվում է թե՝ լուրջ ու նաեւ հայ մարդիկ՝ գրողներ, արվեստագետներ:    Չէ, ոչ մեկի իրավունքները սահմանափակել չի կարելի: Բայց, ախր, Հայաստանում այդ սեռական փոքրամասնություններից բացի, կա նաեւ «հետամնաց», «վայրենի» մեծամասնությունը, որն, ի դեպ, նույնպես ունի իրավունքներ: Կա հանրային բարոյականություն ասվածը, վերջապես կան ավանդական արժեքներ, որոնց այդ նույն մեծամասնությունը ստուգապես կողմ է:    Շատ հնարավոր է, որ դիմումի տակ ստորագրած մեր սիրելի հայրենակիցների համար, իրենց անհատական ու նաեւ իրենց քաղաքացիության ու մշտական կեցության երկրներում ընդունված արժեքներով, միանգամայն նորմալ, բնական բան է, որ իրենց աղջիկն աղջկա հետ «ամուսնանա», իսկ տղան, ասենք, մի աֆրոամերկացու «կինը» լինի: Իրենք դա ողջունում են, իրենք կողմ են դրան, իրենց համար դա «մարդու իրավունքների պահպանում» է, մի խոսքով՝ նորմալ է:    Բայց, Աստված սիրեք, մե՞նք՝ Հայաստանում մնացած հայերս, ի՞նչ կապ ունենք այդ խեղաթյուրված ընկալումների հետ: Մեր երկրում, մեր հասարակության մեջ դա ոչ միայն աննորմալ է, այլեւ չի ընդունվում մեծամասնության կողմից, եւ վերջ: Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանը չէ, ուզում է՝ Էլթոն Ջոնն էլ գա, Բորյա Մոիսեեւի հետ:    Եղբայր, գնացեք, ձեզ համար հարգեք նույնասեռականներին, նկարները կախեք ձեր պատերից, սովորեցրեք ձեր զավակներին, որ նմանվեն նրանց, դաստիարակեք ու քարոզեք նույնասեռականության «լավագույն» ավանդույթներով: Բայց՝ ձեր բնակության երկրներում արեք այդ ամենը՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեդիայում: Այդ մի հարցում հանգիստ թողեք մեր չարչարված հողը, երկիրն ու ժողովրդին:   Ի վերջո, Հայաստանում նմանների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը դեռ մի բան էլ ավելին է: Իրականում Հայաստանում բոլորը, բացառությամբ առանձին հետաքրքրասեր հարեւանների, հիմնականում թքած ունեն, թե այսինչը կամ այնինչը ի՞նչ սեռական կյանքով է ապրում: Ո՞ւմ ի՛նչ գործն է: Հարցն այն է, որ անհանդուրժելի է, երբ այս կամ այն խումբը սկսում է «ինքնարտահայտվել»՝ իր որոշակի հակումները «դրոշ ու պլակատ» դարձնելով, ավելին՝ սկսում է այդ ամենը քարոզել: Սա՛ է, որ չի ընդունվում հասարակության հիմնական մասի կողմից:    Ամենից ցավալին այն է, որ այսօր, երբ Հայաստանն ուղղակի լրջագույն խնդիրների մի ողջ շարան ունի՝ արտագաղթ, սոցիալական ու տնտեսական ծանր վիճակ, այո՛ մարդու իրավունքների ու արդարադատության հետ կապված խնդիրներ, սփյուռքահայ մոտ երեք տասնյակ հայտնի գործիչներ միավորվում են, որ պաշտպանեն... համասեռամոլներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել