1in.am-ը գրում է.
Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Բրյուսելի թիկունքում Գերմանիան և Մեծ Բրիտանիան բանակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչպես շրջանցել ԵՄ օրենսդրությունը: Բնապահպանական կանոնակարգերը մեղմելու հարցում օգնության դիմաց Լոնդոնը Բեռլինից խնդրում է աջակցել բանկային ոլորտի պաշտպանության նախաձեռնություններին: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Չնայած ԵՄ օրենսդրության հանդեպ ակնհայտ դժգոհությանը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ավելի ուշ բանակցությունների կանցնի ԵՄ-ի հետ, քան դուրս կգա կառույցից: Միևնույն ժամանակ, Անգելա Մերկելի գլխավորությամբ, Գերմանիան այն մեխն է, որը պահում է ողջ նախագիծը: Որոշ տվյալներով՝ այդ երկու երկրները պատրաստ են գաղտնի պայմանագիր կնքել՝ պաշտպանելու իրենց արդյունաբերական հիմնական ոլորտները եվրոպական կանոնակարգերից:
Գործարքը կարող է փոխշահավետ լինել: Մեծ Բրիտանիան կաջակցի ածխաթթու գազի արտանետման սահմանափակման ներմուծումը հետաձգելու Գերմանիայի առաջարկին: Սահմանափակման ներմուծումը կարող է լրջորեն հարվածել BMW, Mercedes և Audi ավտոկոնցեռններին: Միացյալ Թագավորությունն իր հերթին ակնկալում է ստանալ Գերմանիայի օգնությունը ԵՄ օրենսդրության ճնշումից բանկային ոլորտը պաշտպանելու համար:
ԵՄ ցանկացած երկրում բողոքելու պատճառ կա: Բելգիացի ֆերմերները բողոքում են կաթի գնից, Իսպանիայում դժգոհ են ձկնորսության ոլորտի բարեփոխումներից, այլ երկրներ՝ ֆինանսական օգնության ծրագրերից:
Շահերի բախումը նախկինում էլ խաթարել է ԵՄ-ի նորմալ գործունեությունը: Սակայն հիմա, երբ ԵՄ երկու առավել հզոր տնտեսությունները պայմանավորվել են շրջանցել այդ կազմակերության կանոնները, համընդհանուր դժգոհությունը դուրս է գալիս միանգամայն նոր մակարդակ: