1in.am-ը գրում է.

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին արված վերլուծությունը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը համարում է «հերթական բլեֆ»: 

«Լևոնի հերթական բլեֆն ա, մնում-մնում՝ սենց ոչ հարիր մեր ժամանակներին ինչ-որ բաներ ա մոգոնում և ասում: Ես, օրինակ, էդ գրվածքից բան չհասկացա, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը հրաժարական տա: 23 տարի է, չէ՞, որ անկախություն ունենք: Ես, ասենք, եթե գնահատելու լինեմ Սերժ Սարգսյանի էպոխան՝ ամենավստահ նախագահն է վերջին էս երեք նախագահներից, որը վայելում է թե իր կուսակցության հովանավորությունը, վստահությունը, և թե ընդհանրապես՝ ներքին ու արտաքին միջավայրում նա ունի իր ձեռագիրը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: 

Պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հաստատուն քայլերով գնում է առաջ. եթե ինչ-որ բան այն չէ, այնպես չէ՝ ինչպես ուզում ենք, դա իրենից չի կախված, դրանք միջազգային հարաբերությունների արդյունք են: 

«Էդ տոնը, էդ բանը ես դատապարտում եմ, չի կարելի, նախկին նախագահը… օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանը այդպիսի նամակ գրեր Լևոնի դեմ, սարսափելի փաստերով կգրեր»,- ասաց նա: 

Հարցին՝ որո՞նք կլինեին այդ սարսափելի փաստերը, Հարությունյանը նշեց. «Էն, ինչի մեջ Տեր-Պետրոսյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին, դրա հիմնադիրը ինքն է: Ինչի մեջ մեղադրում է, այդ կետերի…»: 

Հարությունյանը համոզված է, որ կարելի է ավելի ընդարձակ անուն-ազգանուններով, փաստերով և ամեն ինչով ապացուցել, որ դրա հիմնադիրը ինքն է՝ առաջին նախագահը: Նա էթիկայից դուրս է համարում Տեր-Պետրոսյանի՝ գործող նախագահի հասցեին ուղղված խոսքերը: 

Առաջին նախագահի՝ Արցախին վերաբերող դիտարկումներին անդրադառնալով՝ Հարությունյանը նշեց, որ նման պոպուլիստական հայտարարություն կարող է անել միայն իրավիճակից կտրված և աշխարհին վիրտուալ նայող անձը: Ստեղծված իրավիճակում, ըստ պատգամավորի, Հայաստանի նախագահներից և ոչ մեկը մեղքի բաժին չունի: 

«Մենք դիմակայում ենք այս ահռելի իրավիճակի դեմ, և գուցե պետք է գնահատել նախագահի աշխատանքը, որ կարողանում է էս ծանրագույն իրավիճակում դիմագրավել այդ վտանգներին: Այսօր եթե Ղարաբաղի ժողովրդի գոյությունը մեր բանակի շնորհիվ ապահովված է, եթե խաղաղ ենք՝ շատ թե քիչ, չհաշված սահմանային միջադեպերը… Օրինակ՝ ես հարց եմ տալիս Լևոն Տեր- Պետրոսյանին՝ ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, որպեսզի արգելի Ադրբեջանի դիպուկահարներին կրակել խաղաղ բնակչության վրա: Էս հարցին ո՞վ կարող է պատասխանել»,- ասաց նա: 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ամսական 160 հազար քաղաքացու արտագաղթի համար նույնպե՞ս հանրապետության նախագահը պատասխանատու չէ, Հարությունյանը նշեց, որ արտագաղթը շատ ցավալի հարց է, որին ինքը պատրաստի դեղատոմս չունի, սակայն կարծում է, որ պետք է նախագահից սկսած՝ բոլորն ամեն ինչ անեն, որպեսզի դադարեցնեն արտագաղթը, եթե ոչ՝ լիարժեք ձևով, ապա գոնե նվազեցնեն այն: 

Առաջին նախագահի հայտարարությունը դատապարտելով հանդերձ՝ Հարությունյանը չի կարծում, որ պետք է դրանով գնահատվի ընդդիմությունը: «Ես չեմ կարծում, որ ընդդիմության գործունեությունը կախված է առաջին նախագահի նամակներից: Եթե ընդդիմության գոյությունը գնահատվի նամակներով, ապա օրը տասը կամ տասնհինգ նամակ կգրեն»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել