Mediamall.am-ը գրում է.
Եվ այսպես, վիճակը նետված է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի շուրթերից վերջապես հնչեց այն ավետիսը, որ հավանաբար մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ կհայտարարվի տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին: «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,- ապշել է փոխքաղաքապետը՝ ավելացնելով, որ գործող սակագնով անհնար է տրանսպորտ շահագործել։ «Պիտի վերանայվի երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, չվացուցակը և այլն: Այս հարցերը հանձնաժողովը նույնպես քննարկում է»,- հավաստիացրել է նա։
Փաստորեն, ինչպես միշտ, օդից փող կպցնելու գործելաոճը շարունակում է մնալ մեր իշխանությունների «ճանապարհային քարտեզի» հիմնական երթուղին: Առանց որևէ բարեփոխման, որևէ ներդրման թանկացնում են տրանսպորտի ուղեվարձը՝ ինչ որ սպասարկման որակի, մեքենաների կահավորանքի, մաքրության, չվացուցակի և այլ անորոշ ակնկալիքներով: Անհասկանալի է, երբ 100 դրամով մրցույթներ էին հայտարարվում, մարդիկ գլխապատառ արյուն էին թափում գծեր նվաճելու համար՝ մրցութային պահանջների մեջ այդ սպասարկման որակի, մեքենաների կահավորանքի, մաքրության, չվացուցակի և այլ հարցերը ներառվա՞ծ չէին: Այս ի՞նչ քարոզչական տրյուկ եք հրապարակ նետել:
Ինչևէ, տրանսպորտի թանկացման վտանգին ընդառաջ ակտիվանում են քաղաքացիական խմբերը, որոնք արդեն միավորման կոչեր են հնչեցնում՝ ընդդեմ սակագների փոփոխության: Այսօր արդեն Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում են բողոքի ակցիաները՝ ավագանու նիստին զուգահեռ: Ակցիայի մասնակիցները փորձել են մասնակցել ավագանու փակ նիստին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց ներս մտնել, տեղի է ունեցել բախում ոստիկանների և ակտիվիստերի միջև, որի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Դվին Իսանյանցին:
Այս ժամանակահատվածում, երբ քաղաքացիական ակտիվի ճնշման տակ կասեցվեց ուղեվարձի թանկացման որոշումը, իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին՝ խնդրին նորմալ լուծում գտնելու համար: Պարզապես ստեղծեցին ոչինչ չասող, անիմաստ մի հանձնաժողով, որը իր ձևական գոյությունը քարշ տվեց՝ այդպես էլ որևէ տրամաբանական լուծում չգտնելով: Պարզապես այս հանձնաժողով կոչվածը փորձեց ծածկել շահերի բախումը, որ կա այս հարցում, որպեսզի գծատեր-իշխանավորները հետագայում արդարանան, որ իրենք թանկացման հետ կապ չունեն, հանձնաժողովն է որոշել: Իսկ որ այս թանկացմանը կողմ են արտահայտվում բացառապես այն իշխանավորները կամ նրանց մերձավորները, ովքեր ունեն երթուղային գծեր, անկասկած է: Ինչքան ուզում են, թող ժխտեն իրենց կապը երթուղային գծերի հետ, հասարակությունը ոչ կույր է, ոչ էլ մտավոր հետամնաց:
Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե հասարակությանը ինչի տեղ են դնում, երբ հայտարարում են, որ իրենք երթուղային գծեր չունեն: Ազգընտիրներից մեկը, որի երթուղայինի գծատեր լինելը պարզ է այնքան, որքան իր մոտ ամոթի բացակայությունը, նույնիսկ նախորդ ակցիաների ժամանակ հայտարարում էր, որ դատի է տալու, իրեն զրպարտում են...
Եթե իսկապես հերքում եք, որ գծատեր եք՝ ԺԷԿ-ից տեղեկանք ներկայացրեք, որ ձեր թաղամասերում, ձեր հասցեներում, ապրում են ձեր անուն ազգանուններով մարդիկ՝ ձեր ընկերների անուն-ազգանունները կրող «գիծ նայողների» հետ միասին, որոնք տիրություն են անում վերոնշյալ չարաբաստիկ գծերին... Որպես վերերկրային էակներ՝ ձեր կլոնային գոյությանը ոչ ոք չի կասկածի: Կամ էլ, հին «խասիաթի» համաձայն, պնդեք, որ ամեն մարդ էլ կարող է ունենալ երթուղային գիծ, բայց գրանցել քո կամ աներձագիդ անունով...
Հին, փորձված, «աշխատող» տարբերակ է...
Վարուժան Բաբաջանյան