1in.am-ը գրում է.
Հայաստանի տնտեսության աճի տեմպի դանդաղումը թեև ուղղակիորեն կապվում է ներդրումների և շինարարության անկման հետ, բայց չպետք է անտեսել նաև արտագաղթը:
Ի վերջո, Համախառն ներքին արդյունքը ապրանքների ու ծառայությունների վերջնական սպառման գինն է: Իսկ հիմնական վերջնական սպառողը Հայաստանի քաղաքացին է: Իհարկե, արտահանման ժամանակ վերջնական սպառող են դառնում այլ երկրի քաղաքացիները, իսկ մեր դեպքում արտահանումն աճում է` մեծացնելով տնտեսությունը: Բայց երբ քչանում է Հայաստանի բնակչությունը, քչանում է նաև նրանց սպառած ապրանքների քանակը` փոքրացնելով տնտեսությունը: Եվ Հայաստանում այն պոտենցիալ ներդրողները, ովքեր կենտրոնացած չեն բացառապես դրսի շուկաների վրա, չեն կարող այս հանգամանքը հաշվի չառնել:
«Հայկական ժամանակի» տեղեկությունը, թե «Կարֆուրը» կարող է հրաժարվել Հայաստան մուտք գործելուց` նաև մեր երկրից արտագաղթի մեծ չափերի պատճառով, իրականությանը չափազանց մոտ է թվում: Արտագաղթի` անգամ պաշտոնական վիճակագրությունը վատ թվեր ու միտումներ է մատուցում: 2009-ին Հայաստանից մեկնած անձանց թիվը գերազանցել է Հայաստան ժամանած անձանց թվին` 19,344, 2010թ.՝ 37,941, 2011թ.՝ 43,481 և 2012թ.՝ 44,809 մարդով`: Նկատենք, որ այս տվյալը նոր է: Նախկինում կային միայն մեկնումների ու ժամանումների թվերը, սակայն մի մարդը կարող էր մի քանի անգամ մեկնել ու ժամանել: Այժմ համակարգը կարող է նույնականացնել տարվա մեջ մի քանի անգամ սահման հատած մարդկանց, ուստի այս ճանապարհով ստացված տվյալներն ավելի ճշգրիտ են:
2013թ. համար, ցավոք, դեռ չկան մեկնած ու ժամանած անձանց թվի վերաբերյալ տվյալներ, բայց կան մեկնումների ու ժամանումների տվյալները` առաջին կիսամյակի վերաբերյալ: Ըստ այդմ` մեկնումների ու ժամանումների տարբերությունը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 28.6%-ով և կազմել 95 հազար մարդ`: Մոտավորապես ընդունելով, որ մի 20%-ով էլ կաճի մեկնած ու ժամանած անձանց տարբերությունը ողջ տարվա կտրվածքով, կարող ենք ակնկալել, որ այդ տարբերությունը այս տարի կկազմի մոտ 53 հազար մարդ: Ամեն դեպքում, ինչպես երևում է առաջին գծագրից, մեկնող ու չվերադարձող անձանց թիվն աճի միտում ունի:
Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ-ն) ամեն եռամսյակը մեկ ֆիքսում է Հայաստանի մշտական բնակչության թիվը: Բայց այն ճիշտ չի արտացոլում առկա բնակչության թիվը, քանի որ անձը կարող է, ասենք, տարիներով ուսում ստանալ Հայաստանից դուրս, բայց համարվել Հայաստանի մշտական բնակիչ: Այնուամենայնիվ նույնիսկ այդ` պաշտոնապես հրապարակվող մշտական բնակչության թիվն է սկսել նվազել: Մասնավորապես` այս տարվա հուլիսի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 12 հազար մարդ` 15 հազարով ավելի քիչ, քան այս տարվա հունվարի 1-ին էր (այսինքն` 6 ամսում 15 հազարի նվազում): Ընդ որում` այդ նվազումը, ըստ ԱՎԾ-ի, կապված է նրա հետ, որ արտագաղթի տեմպերն են շատ. այնքան շատ, որ գերազանցում են նույնիսկ ծնվածների ու մահացածների թվի տարբերության դրական սալդոյին (բնական աճին):
Հայաստանում բնակչության թվի նվազման մասին պատկերացում կարելի է կազմել նաև մեր դպրոցների աշակերտների թվից (թեև այստեղ բնական աճով ճշգրտելու խնդիր կա): Ինչպես երևում է երկրորդ գծագրից, եթե 2006/2007 ուսումնական տարում մեր դպրոցներում սովորել է ավելի քան 458 հազար աշակերտ, ապա այժմ նրանց թիվը մոտ 90 հազարով պակաս է (տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցներից):