«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարելով այսօրվա հանրահավաքին ոստիկանական բռնի գործողությունները, ի դեպ, հաղորդագրության տեքստից պարզ է դառնում, որ կուսակցությունը առանձնահատուկ ոգեւորված է այսօրվա ցույցերից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր: Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման։
Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երևանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա և այլ հատուկ միջոցներ։
Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու և բռնակալությունը վերարտադրելու նպատակով։
Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝
տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել