Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ու մրցունակությունն ապահովելու, զբոսաշրջային գրավչությունները արդյունավետ օգտագործելու համար ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն իրականացնելու է բազմավեկտոր քաղաքականություն: Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությունների հիմնական նպատակն է զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Մի կողմից՝ աշխատանքներ են տարվելու ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու ուղղությամբ, մյուս կողմից` զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու և երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Կսահմանվեն զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող որակական նոր պահանջներ, կներդրվեն դրանց ապահովման մեխանիզմները: Արդեն ավանդական դարձած և մեծ համբավ վայելող միջոցառումները կշարունակեն ստանալ պետական աջակցություն։ Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս այնպիսի նախաձեռնությունների իրագործմանը, ինչպիսիք են «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարության իրականացումը, Էկոտուրիզմի զարգացումը և այլն»,-ընդգծեց նախարարը:

Նրա դիտարկմամբ՝ դեռևս անելիքներ կան նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար՝ առանց արտոնագրի Հայաստան մուտքի ռեժիմ սահմանելու կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել