Մխիթարյանը հայտնվել է «սխալ» ակումբներում խաղացող ֆուտբոլիստների ցանկումPanarmenian.net-ը գրում է.

Football365.com սպորտային պորտալը Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք «սխալ» ակումբներում են խաղում: Ցուցակում 5 ֆուտբոլիստ կա:

Ցանկում Մխիթարյանից բացի ընդգրկված են «Լիվերպուլի» Դենիել Սթարիջը, «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը և «Էվերթոնի» կիսապաշտպան Ահարոն Լենոնը:

Պարբերականը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնել է Մխիթարյանին, որը 2015-ին ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող 26,3 մլն ֆունտով, սակայն հայ կիսապաշտպանին չեն ներառում թիմի հիմնական կազմում:

«Չնայած Մխիթարյանն արդեն ապաքինվել է վնասվածքից, նա նույնիսկ չէր ներառվել թիմի նախնական կազմում երկու վերջին խաղում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը չէր թաքցրել, որ հիասթափված է, քանի որ չի ընդգրկվել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ֆեներբախչեի» դեմ խաղի (4:1) հայտացուցակում: Նա վստահ է, որ պատրաստ էր դաշտ դուրս գալ:

Վերջին անգամ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել