Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում, անցած տարվա արդյունքներով, 100-ամյա երկարակյացների ռեկորդային թիվ է արձանագրվել: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդամենը ներկայում Մեծ Բրիտանիայում ապրում են 14 հազար 570 հպատակներ, որոնք 100 եւ ավելի տարեկան են: Ընդ որում, 2002 թվականից մեկ դարի սահմանագիծը հաղթահարած բրիտանացիների թիվը կրկնակի մեծացել է:

«Միացյալ Թագավորությունում ապրում է 90 եւ ավելի բարձր տարիքի ավելի քան կես միլիոն մարդ: Այս տարիքային խմբում հարյուր տղամարդուն բաժին է ընկնում 240 կին»,-նշել են Ազգային վիճակագրական ծառայության մասնագետները:

Վերջին տասնամյակի ընթացքում երկու անգամ ավելացել է 105-ից բարձր տարիքի բրիտանացիների թիվը, եւ այժմ նրանք 850 հոգի են:

Վերջին միտումները խոսում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայում ակտիվորեն է ընթանում բնակչության ծերացման գործընթացը: 1974 թվականից բրիտանացիների միջին տարիքը 33,9-ից աճել է մինչեւ 40 տարի: Այդուհանդերձ, ներգաղթի մակարդակի սրընթաց աճի ֆոնին Միացյալ Թագավորության բնակչությունն այս տարի առաջին անգամ գերազանցել է 65 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել