Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ Ռուսաստանն ունի բավականաչափ ռեսուրս՝ Սիրիայում ռազմական գործողության շարունակման համար։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նման տեսակետ է հայտնել BBC News-ի եթերում։

«Հավատացե՛ք, մենք ունենք բավարար միջոցներ՝ շարունակելու գլոբալ հակաահաբեկչական գործողությունը։ Իհարկե, մենք բախվում ենք տնտեսական դժվարությունների, չնայած դա լավ հնարավորություն է մեզ համար՝ մտածելու տնտեսական նոր մոդելի մասին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները թույլ չեն տվել 100 տոկոսով Սիրիայի զավթում ահաբեկիչների կողմից։

Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ գործողության ավարտի մասին որոշումը կընդունի ՌԴ նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, երբ նպատակը 100 տոկոսով իրագործվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել