«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում, եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողքից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» Է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով և խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետևից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել «հաբռգածները»՝ քշել են, հեռացել։ Երիտասարդը որոշել Է հետևներից հասնել և կանգնեցնել, որ ԱՊՊԱ կանչեն և իր վնասը փոխհատուցեն։ Մի քանի կիլոմետր գնալուց հետո ջիպերը կանգնել են, թիկնապահներն իջել են մեքենաներից և «հանդուգն» վարորդին ծեծի ենթարկել։ Այնպես են ծեծել, որ տղան հիվանդանոց Է ընկել, մի քանի տեղից դեմքին կար են դրել։

Օրեր անց հայտնվել Է տանը՝ պատահարի ակնառու ապացույցները դեմքին։ Քույրը հարցնում Է՝ ի՞նչ կարելի Է անել։ Բնականաբար, պետք է գրել այդ մասին։ Եթե մեքենաների համարները հիշում Է, վնասված հայելին կա՝ ի՞նչ խնդիր։ Լուսանկարենք, ձայնագրենք խոսքը և ներկայացնենք իրավապահներին, հասարակությանը, իշխանություններին։ Ոչ, ոչ, խնդրում Է աղջիկը, մենք դեռ ապրելու ենք այս երկրում։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ լռել չի կարելի, պետք Է խոսել, բարձրաձայնել, պահանջել, որ պատժեն, պայքարել։ Չէ՝ որ այս հղփացածները կանգ չեն առնելու, քանի դեռ չեն պատժվել։ Քանի դեռ քո եղբոր նման անմեղ զոհերը լռում են և հանդուրժում, որ իրենց նվաստացնեն, ծեծեն, վնասեն, շարունակելու են։ Ասածս կարծես համոզիչ չի հնչում։ Աղջիկն ու նրա հարազատներն ուրիշ ճշմարտություն ունեն, ուրիշ փորձ։ Եվ այսպես քանի-քանի դեպք են լռության մատնում, կոծկում հենց իրենք՝ զոհերը, ինչից էլ սնվում Է երկրում տիրող անպատժելիությունը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել