Image resultԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը պետք է բողոք հայտնի Ադրբեջանում ընթացող կալանավորումների դեմ, որտեղ «գյուլենականների» դեմ պայքարի պատրվակով կալանավորվում են ազնիվ մարդիկ։

Այդ մասին նշված է Թուրքիայի իշխանություններին հասցեագրված «Ազադլըղ» թերթի խմբագրակազմի կոչում։ Դրանում ընդգծվում է, որ անմեղ մարդկանց կալանավորման համար պատասխանատվություն կրում է նաև Թուրքիան, քանի որ ամեն ինչ վկայում է, որ Թուրքիայի կառավարությունը հավանության է արժանացնում Ադրբեջանի կառավարության «կեղծ» պայքարը Գյուլենի ցանցի դեմ.
«Անկարան հավանաբար գիտի, որ Բաքվի նպատակը ոչ թե գյուլենականների դեմ պայքարն է, այլ՝ անկախ մամուլն ու քաղաքական ընդդիմադիրներին ասպարեզից հեռացնելը։
Թուրքիայի իշխանությունները պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնեն և հայտարարեն, թե արդյոք նրանք Ադրբեջանում կալանավորված ակտիվիստներին համարում են գյուլենական, թե ոչ»։

Թերթի խմբագրակազմը հիշեցրել է, որ մշտապես դժվար պահերին աջակցել է Թուրքիայի կառավարությանը, և հատկապես 2009 թվականին Բաքվում Թուրքիայի դրոշի իջեցման ու նախորդ տարվա աշնանը ռուսական ինքնաթիռի խոցման ճգնաժամերի ժամանակ։
Ընդգծվել է, որ «դրոշի» ճգնաժամի ժամանակ Թուրքիայի տվյալ ժամանակվա դեսպանը այցելել է թերթի խմբագրություն և նրա աշխատակազմին երախտագիտություն է հայտնել նման դիրքորոշման համար։

Բացի այդ, Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ հակասահմանադրական գործողություններն Ադրբեջանում առաջինը դատապարտել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, իսկ թերթի խմբագրությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է վճռական պայքար մղել իսկական գյուլենականների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել