Tert.am–ը գրում է.
Մինչ ողջ Եվրոպան գտնվում է միգրացիոն ճգնաժամի մեջ` փորձելով ապաստան տրամադրել քաղաքակիրթ աշխարհի դռները թակող միլիոնավոր մարդկանց, Շվեյցարիայում գտնվող մի բնակավայր կտրականապես հրաժարվել է ընդունել փախստականներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Օբերվիլ-Լիլին համարվում է Եվրոպայի ամենահարուստ բնակավայրերից մեկը, որտեղ բնակվում են հարյուրավոր միլիոնատերեր: Դրա 2.200 բնակչից 300-ը միլիոնատեր է:
Վերջերս կայացած հանրաքվեի ժամանակ բնակավայրի բնակիչները դեմ են քվեարկել իրենց մոտ ընդամենը 10 փախստականի ապաստան տրամադրելու առաջարկին: Փոխարենը՝ նրանք համաձայնել են մոտ 400.000 դոլարի տուգանք վճարել:
«Մենք չենք ցանկանում, որ նրանք այստեղ գան ու փչացնեն մեր գեղեցիկ կյանքն ու բնակավայրը: Մենք չենք կարող ապաստան տալ փախստականներին, ովքեր այս բնակավայրի համար սազական չեն»,-ասել է տեղացիներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գեղատեսիլ բնապատկերներով, մաքուր օդով հայտնի ալպիական այս վայրում ամենաէժան տան գինը սկսվում է 1.4 մլն դոլարից: Այստեղ շատ հանդարտ մթնոլորտ է տիրում, իսկ հանցավորության մակարդակն էլ զրոյական է:
Նշվում է, որ այստեղ հիմնականում բնակություն են հաստատում թոշակի անցած գործարարները: