Tert.am-ը գրում է.

Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի պողպատե պաշտպանիչ պատը թեքվել է ու ճաքել, հայտնում է ria.ru-ն` «Կիոդո» լրատվական գործակալությանը հղումով։

Նշվում է, որ պատը նախատեսված է ռադիոակտիվ ջրի անցումը դեպի օվկիանոս կանխելու համար: Դրա կառուցումը սկսվել է 2012թ. և ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերին: Պաշտպանիչ պատն ունի մոտ 780 մ երկարություն:

Այժմ մասնագետները հայտնաբերել են, որ պատը թեքվել է 20 սմ-ով: Ենթադրվում է, որ դրա պատճառը գրունտային ջրերի գործադրած ճնշումն է պատի ստորին հատվածի վրա։

Բացի այդ, թեքվածության պատճառով պատի հիմքում առաջացել է 500մ երկարությամբ և 1 սմ հաստությամբ ճաք: Ներկայում ճապոնացի մասնագետները փորձում են վերացնել այդ թերությունը։

Հիշեցնենք, որ 2011թ. մարտին Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 9.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ավերիչ ցունամին դարձել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարման պատճառ։ Հայտնի է, որ վթարի բոլոր հետևանքների վերացման գործընթացը կտևի 40 տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել