Irakan.infon-ն գրում է.

Գիտելիքի օրվա առթիվ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց էր այցելել ՊՆ Սեյրան Օհանյանը, սակայն նախարարը միայնակ չէր` կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ դստերն էր ուղեկցում առաջին դասարան, ի դեպ, նախարարի որդին ևս այս դպրոց է հաճախում:

Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է նախարարին հյուրընկալելը` վերջինիս փոխանցելով աշակերտներին ողջունելու խոսքը.

«Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ և կարևորում գիտելիքի օրը, մենք Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ պլաններ ունենք, որոնց համաձայն հանրապետության բոլոր դպրոցները կցված են բոլոր զորամասերին, և մեր կենտրոնական ապարատի ողջ ղեկավարական կազմը ևս  կցված է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Սովորաբար այս օրն առաջին դասարանցիներին ենք նախ շնորհավորում, և ինձ համար պատիվ է, որ աղջիկս հենց ձեր դպրոցն է այսօր հաճախում»,-ասաց նախարարը` շեշտելով, որ քանի որ Պաշտպանության նախարարն է այցելել երեխաներին, անշուշտ անդրադարձ պետք է լինի նաև բանակին:

«Ես գտնում եմ, որ հետագայում` մեր անվտանգության ապահովման գործում մենք ավելի խելացի պաշտպանություն իրականցնելու ճանապարհին ենք գտնվում»,-նշեց նա` ընդգծելով, որ ապագան երեխաներն են: «Առաջին զինատեսակներին կամ զինվորներին, որ դուք` առաջին դասարանցիներդ պետք է տիրապետեն, խելացի, իրար կողք շարադրելով գեղեցիկ մտքեր արտահայտելն է, որը պետք է վերաբերի նաև մեր անվտանգությանը. դա մեր այբուբենն է, մեր մեսրոպյան տառերը, և այն տիրապետելն է, որ ավելի զարգացնող, անվտանգ պետք դարձնի ՀՀ-ն»,-ասաց Օհանյանը:

Ապա նախարարը շեշտեց, որ իր նախաբանից հետո ցանկանում է արիության դաս անցկացնել, սակայն լրագրողների և կողմնակի անձանց առկայությունը թերևս խանգարում է.

«Շնորհակալություն, շնորհավորում եմ բոլորիս, ես էլ զբաղվեմ իմ գործով»,-ժպտալով ասաց նա` կոչ անելով չխանգարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել