Times.am-ը գրում է.

Ռուսաստանյան խոշորագույն ավիաընկերություններից մեկը UTair-ը դադարեցնում է դեպի Երևան իրականացվող մի քանի չվերթ։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, սեպտեմբերի 1-ից ընկերությունը կդադարեցնի մասնավորապես Սոչի-Երևան, Մինվոդի-Երևան, Կրասնոդար-Երևան և Ռոստով-Երևան ուղղությունների սպասարկումը։ Ընդհանուր առմամբ շաբաթական 16 չվերթ (ամսեկան ավելի, քան 65 չվերթ)։

Մեր թղթակցի հետ զրույցում UTair ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության կոմերցիոն տնօրեն Անդրանիկ Վանցյանը մասնակի հաստատեց վերոնշյալ տեղեկատվությունը։ Նրա խոսքերի համաձայն, այս պահին հստակ է, որ սեպտեմբերից կդադարեցվեն միայն Սոչի-Երևան և Մինվոդի-Երևան չվերթները։ «Մենք արդեն տեղեկացրել ենք գործակալներին, որ այս ուղղություններն այլևս չեն գործելու։ Ինչ վերաբերվում է մյուս երկու չվերթներին, ապա այդ հարցը դեռևս վերջնական հստակեցված չէ։ Ամենայն հավանականությամբ Կրասնոդար-Երևան ուղղությունը կպահպանվի։ Հնարավոր է, մեկ-երկու ամիս այդ ուղղությամբ չթռչենք, բայց UTair-ում տրամադրված են այդ չվերթը պահելուն։ Բոլոր դեպքերում, առաջիկա մի քանի օրերում ամեն ինչ կհստակեցվի և մենք կտեղեկացնենք հասարակությանը»։

Times.am-ի այն հարցին, թե ո՞րն է չվերթների դադարեցման պատճառը, Վանցյանը պատասխանեց. «UTair-ում այժմ հակաճգնաժամային խումբ է գործում, որի առաջարկով բոլոր ոչ եկամտաբեր ուղղությունների սպասարկումը դադարեցվում է։ Հարցը միայն Հայաստանին չի վերաբերվում։ Ուսումնասիրվում են բոլոր ուղղությունները և այնտեղ, որտեղ ավիաընկերությունը վնասներ է կրում, դադարեցվելու են թռիչքները։ Ի դեպ նշեմ, որ Մոսկվա-Երևան ուղղությունը շարունակվելու է սպասարկվել նախկինի պես։»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել