Tert.am-ը գրում է.

Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, քանի որ իր կառուցվածքը հաստատելիս՝ տեղավորվել է 686 հաստիքի շրջանակներում, որոնք Պաշտպանության նախարարության և ոստիկանության քննչական ծառայությունների մարմինների հաստիքներ են: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության իր աղբյուրներից, ըստ որի նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել Քննչական կոմիտեի և Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, պաշտոնական անվանացանկը և հաստիքացուցակը, ինչը ինչպես նախատեսված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով: 

Քանի որ ոստիկանության քննչական ապարատը ունի 568 ծառայող, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ 118, դրանց գումարի արդյունքում ստացվել է Քննչական կոմիտեի հաստիքների վերը նշված թիվը։

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի կազմում նախատեսվել է 90 հաստիք և նախատեսվում է, որ Կոմիտեի նախագահը ունենալու է 4 տեղակալ: Ինչ վերաբերում է կոնկրետ անուն-ազգանուններին, ապա այս պահին նշվում է, որ անուններ չկան, քանի որ միայն կառուցվածքի հաստատումից հետ 5-օրյա ժամկետում Հանրապետության Նախագահը նշանակի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականի մայիսի 19-ին ընդունվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որով միավորվեցին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ստորաբաժանումները։ Հիշեցնենք նաև, որ միասնական քննչական ծառայություն ստեղծելու հիմնական նպատակն է ապահովել քննիչի աշխատանքի արդյունավետությունը, քննիչի դատավարական ինքնուրույնությունը, իսկ ընդհանուր քննչական ծառայությանը զերծ պահել ներգերատեսչական ազդեցություններից: 

Մեր ձեռքի տակ է նաև նախագծի կից ներկայացված հիմնավորումը, որի մեջ նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքը և հաստիքացուցակը սահմանելիս նախ և առաջ անհրաժեշտ է վերափոխել քննչական մարմինների գործող կառուցվածքը՝ դրա հիմքում դնելով պետականաշինարարության ոլորտում լայն տարածում ունեցող և գիտականորեն հիմնավորված սկզբունքներ: Մասնավորապես՝ քննչական կոմիտեի կառուցվածքը սահմանելիս հիմք է ընդունվել մասնագիտացված և տարածքային ստորաբաժանումների զուգակցման սկզբունքը, պետական և մարդկային ռեսուրսների տնտեսման սկզբունքը, քննչական մարմինների լիազորությունների հստակ տարանջատման սկզբունքը, և այլն: ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքում բացառվել է միևնույն վարչական շրջանում տարածքային մի քանի քննչական ստորաբաժանումների, օրինակ՝ քննչական բաժնի ու բաժանմունքի տեղակայումը (առկայությունը):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել