Armtimes.com-ը գրում է.

Այսօր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գերմանացի դիրիժոր Լիրո Շամբադալի ղեկավարությամբ, հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կփոխանցվի Քեսաբի հայ համայնքին: Այս մասին ՀԺ-ին հայտնում  է Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո բաժնից:

Պատասխանելով մեր գրավոր հարցերին, Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո բաժինը հաղորդեց, որ համերգի հասույթը քեսաբահայերին փոխանցելու նախաձեռնությունը պատկանում է բացառապես նվագախմբի տնօրինությանը: Մեր հարցին՝ դիրիժորն իր հոնորարը նույնպե՞ս փոխանցելու է Քեսաբի հայ համայնքին, ֆիլհարմոնիկից պատասխանեցին, որ Լիոր Շամբադալը Հայաստանից կհեռանա շատ սիմվոլիկ հոնորարով, դրանով իսկ իր ներդրում ունենալով այս բարեգործության մեջ: Դիրիժոր Լիոր Շամբադալը ազգությամբ հրեա է, ղեկավարում է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը եւ համարվում է աշխարհի լավագույն դիրիժորներից մեկը: Շամբադալը Երեւանում էր նաեւ 2013 թվականի նոյեմբեր ամսին: Այդ ժամանակ դիրիժորի ղեկավարությամբ տեղի ունեցավ Աննա Սիգալի «Հոգու երգեր» (Սայաթ Նովայի տեքստերով) ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ապրիլի 24-ին տեղի կունենա հրեա կոմպոզիտորի մեկ այլ՝ «Կոլաժ` Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան` նվիրված Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին:

Ինչ մնում է համերգից ստացված հասույթին, ապա գումարի փոխանցումը քեսաբցիներին կհամակարգվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ կողմից: Կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանից ճշտեցինք, որ գումարը քեսաբահայերի անվտանգության հարցերը կարգավորող Լաթաքիայի շտաբի մարմնին կփոխանցվի կամ Կիլիկիայի կաթողիկոսության, կամ Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով:

Գագիկ Աղբալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել