20-րդ դարի հայտնի կրոնական գործիչ, մտածող Բերգը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նիստերից մեկի ժամանակ մարդկության ներկայի ու ապագայի հետ կապված մի ուշագրավ համեմատություն է կատարում: Ըստ նրա ժամանակակից մարդկությունը նմանվում է հանրահայտ «տիտանիկ»  նավին, որը շուտով կարող է բախվել այսբերգին: Ինչպես գիտենք, կասեր Բերգը, այսբերգը բաղկացած է վերջրյա և ստորջրյա հատվածներից: Վերջրյա հատվածը, որը խորհրդանշում է մերօրյա մարդուն ուղեկցող բնապահպանական, ռազմաքաղաքական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների համախումբը, շատ վտանգավոր է:

Սակայն առավել վտանգավոր է ստորջրյա հատվածը, որը հիմնականում քողարկված է և դժվար տեսանելի: Ստորջրյա հատվածը, համաձայն Բերգի, խորհրդանիշն է ժամանակակից մարդկության սպառողական նկարագրի: Այսինքն` ժամանակակից մարդը ապրում է աշխարհն իր հետ տանելու, այլ ոչ թե աշխարհում ինքնաիրացվելու և հետք թողնելու հոգեբանությամբ: Նա պարզունակ սպառող է, այլ ոչ արտադրող կամ ստեղծագործող: Հենց այս սպառողականությունն ու սոցիալական պառազիտիզմը/մակաբուծությունը/ խորապես վտանգում ու կասկածահարույց են դարձնում մարդկության ապագան:

«Եթե մենք կորցնենք Աստծուն, բայց պահպանենք ամեն ինչ, - ասում էր Բերգը, - ըստ էության կկորցնենք ամեն ինչ, սակայն եթե կորցնենք ամեն ինչ, բայց պահպանենք Աստծուն` չենք կորցնի ոչինչ»:

Այսինքն, մերօրյա մարդը ոգեղենանալու, այսպահականության կապանքներից ազատվելու և սեփական մարդու կոչումն արդարացնելու կարիքն ունի: Այլ խոսքերով` ԴԱՐՁ ԴԵՊԻ ՈԳԻՆ կարգախոսը պետք է դառնա մարդկության գերխնդիրներից առաջինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել