Դեռ վաղ մանկությունից և ողջ կյանքում մարդը ճանաչում է թե որն է լավը և որը՝ վատը: Դեռ ավելին, ճանաչելով՝ նա գործնականում է կիրառում այս որակը հասկանալու իր ունակությունը: Ոմանք արդեն 16 տարեկանում հասկանում են, որ քեզ համար կատարված ամեն մի լավի համար պետք է վճարել բարությամբ, իսկ ոմանք էլ անգամ 30 տարեկանում իրենց համար բարիքներ են պահանջում մարդկությունից՝ գլխի չընկներով, որ այդ բարիքների համար պետք է վարձահատույց լինել կամ աշխատանքով կամ ամենաթանկ գնով՝ հոգեկան ջերմությամբ: Բարությունը կարևոր է ոչ թե իր ընդհանուր դրսևորմամբ, աբստրակտ ձևով, այլ ստույգ պայմաններում, դասակարգի, հասարակության, մարդկանց խմբի կոնկրետ դիրքորոշումից ելնելով: Ֆ. Էնգելսը գրում էր, որ բարու և չարի պատկերացումներն այնքան էին փոխվում ազգությունից ազգություն, դարից դար, որ հաճախ ուղղակիորեն հակասում էին մեկմեկու: Բարությունը ուժի, այլ ոչ թե թուլության նշան է: Ուժեղ մարդը մեծահոգություն՝ մեծ բարություն է ցուցաբերում, իսկ թույլ մարդը բարի է միայն խոսքով, և որպես կանոն, ապիկար իր արարքներում:Մեր հասարակությունում բարին այն է, ինչն ի բարօրություն է ծառայում մարդուն և շրջապատին:Մենք բարու հասկացությունը ներդնում ենք սոցիալիստական մարդասիրության հասկացության մեջ: Լինել մարդասեր նշանակում է մարդու մեջ տեսնել անհատականություն, հարգել նրա արժանապատվությունը: Բարուն դիմակայում է չարը:

Դեռ աշխարհի արարման պահից այս երկու կատեգորիաների միջև պայքար է ընթանում: Ցավոք, այս պայքարում երբեմն չարն ավելի ուժեղ է գտնվում, քանի որ այն առավել ակտիվ է և ավելի քիչ ջանք է պահանջում, իսկ բարությունը պահանջում է հոգու ամենժամյա, ամենօրյա համբերատար աշխատանք՝ բարեստեղծում: Ո՞րն է մեր ընդհանուր նպատակը: Որպեսզի հնարավորինս քիչ չարիք տեղի ունենա: Դա նշանակում է, որ հասարակությանն օգտակար լինելու համար բավական է չվնասել նրան, արմունկներով չհրմշտել շրջապատողներին՝ նպատակին հասնելու ճամապարհին: Եվ սա արդեն կլինի բարության առաջին աստիճանը:Երկրորդ աստիճանն այն է, երբ մարդը հասնում է անձնական բարօրության՝ հասարակությանն օգուտ բերելով: Անշահախնդրություն այստեղ առանձնապես չկա, սակայն առկա է մաքուր խիղճը: Եվ վերջապես, բարության բարձրագույն աստիճանը՝ երբ մարդը չի հետապնդում որևէ անձնական նպատակ, չի սպասում ո՛չ պարգևատրման, ո՛չ երախտագիտության, այլ բարիք է գործում ներքին մղումով, քանի որ այլ կերպ նա չի կարող:Ուրեմն բարի՛ լինենք միմյանց հանդեպ, չէ՞ որ երջանկության գագաթնակետը բարության գագաթին է։

P.S.:Եղե՛ք ԱՆԿԵՂԾ! 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել