Իր ստեղծագործական ժառանգության մեջ Նժդեհը չի շրջանցել նաև ժողովրդավարության խնդիրը և մի քանի դատողությունների հիման վրա ներկայացրել է այդ երևույթի վերաբերյալ սեփական գնահատականները: Վերջիններս ընթերցողի մոտ կարող են տարակուսանք առաջացնել, քանի որ աչքի են ընկնում արտաքին հակասականությամբ: Բանն այն է, որ, օրինակ, «Հայի ճամբան. Մեծ զղջումի ճամբան» հոդվածում դեմոկրատիան (Նժդեհը երբեմն օգտագործում է նաև դեմոնոկրատիա եզրը) ներկայացվում է «ազգերը խուժանացնող»-ի բնորոշումով: Ավելին, «Պատերազմ` հեղափոխություն» հոդվածում Նժդեհը գրում է, որ դեմոկրատիան սնամեջ հասկացություն է, այն միջակության և նախանձի, ինչպես նաև մարդկային բանականության և բարոյականի կողմից ժխտված անիշխանացուցիչ և ապականարար վարչաձև է, որին հատուկ արատներից է ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Այսինքն` այստեղ նկատելի է բացասական և մերժողական վերաբերմունք կառավարման ժողովրդավարական ձևի հանդեպ: Սակայն հապճեպ ընդհանրացումներից խուսափելու համար հարկ է փաստել, որ նշված հոդվածներից վերջինում Նժդեհը ցուցաբերում է նաև դրական վերաբերմունք դեմոկրատիայի նկատմամբ` տարբերակելով ԷԹԻԿԱԿԱՆ և ԹՎԱԲԱՆԱԿԱՆ դեմոկրատիաները, որոնց բովանդակությունը, ցավոք, ընթերցողին չի ներկայացվում խիստ մանրամասնեցված տարբերակով: «Էթիկական դեմոկրատիան, - գրում է Նժդեհը, - մարդկային արարածի անկատարելության պատճառով, կմնա երազ, ինչպես երազ մնաց ճշմարիտ քրիստոնեությունը: Իսկ թվաբանական դեմոկրատիայի ղեկավարները` թղթի վրա, տեսականորեն, ենթարկվելով հանրության կամքին, գործնականում - պառակտելով և աղավաղելով ազգի ոգին – նրան ծառայեցնում են իրենց անձնական և խմբակցական շահերին»: Վերջին միտքն ըստ էության վկայում է այն մասին, որ Նժդեհը տարբերակում է ժողովրդավարության գաղափարը և «ժողովրդավարական» իրականությունը: Մերժելով իրականությունը՝ նա չի մերժում մերժում գաղափարը: Նժդեհյան այս միտքը հավաստում է այն մասին, որ կարելի է ստեղծել ժողովրդավարական համակարգին բնորոշ կառույցներ, քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, ապահովել վերջիններիս հետ կապված մի շարք ձևական պահանջներ և, միևնույն ժամանակ, ստեղծված կառույցները ծառայեցնել նեղ անձնական, խմբակային շահերի իրականացմանը, հակապետական կամ ապազգային գործունեության ծավալմանը: Այսինքն՝ կարելի է ունենալ ձև` առանց իրեն ներդաշնակ բովանդակության, կարելի է որդեգրել զարգացման ժողովրդավարական ուղին, սակայն չունենալ այդ ուղով անցնելու վճռականություն, կարելի է լինել համապատասխան արժեքների տարածող, բայց չլինել այդ արժեքների կրող. այլ խոսքով` կարելի է ներկայանալ, բայց ոչ լինել: «Հանրապետություն սահմանադրելը, - ոչ պատահականորեն գրում է Նժդեհը, - հեշտ է, դժվար է սահմանադրականներ ստեղծելը»: Այսինքն` կարելի է լավ օրենքներ մշակել, սակայն դրանք կմնան սոսկ որպես «արժեքավոր գրառումներ», եթե չլինեն դրանք կյանքի կոչելու կամքն ու գիտակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել