Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» շարունակում է իր սպառնալիքները, սակայն այն տարբերությամբ, որ այս անգամ թիրախի կարգավիճակում են հայտնվել ՌԴ իշխանություններն ու ադրբեջանաբնակ ռուսները:Այս մասին է վկայումwww.regnum.ru լրատվական կայքի համապատասխան հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է մերձիշխանական այս կառույցի տարածած հայտարարության որոշ դրվագներ:

Հայտարարության մեջ քննադատելով Եգոր Շերբակովի սպանությունից հետո սկսված հակաադրբեջանական ձեռնարկումները /կարծես թե ակնարկում է այն մասին, որ ռուս ազգայանականների ակտիվությունը հրահրված է իշխանությունների կողմից/՝ սույն կազմակերպությունը շտապել է դրանում մեղադրել ՌԴ իշխանություններին և համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու պարագայում խոստացել է ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել ադրբեջանաբնակ ռուսների հանդեպ: Ավելին, նշված կազմակերպության հայտարարության մեջ կրկին անգամ հիշեցվել է այն մասին, թե որքան հանդուրժող են ադրբեջանցիները, քանզի այնտեղ ապրում են ավելի քան 100000 ռուսներ: Չնայած այն բանին, որ, իրոք, ադրբեջանցի մարդասպանի պատճառով ռուսաստանաբնակ ադրբեջանցիների /և ոչ միայն ադրբեջանցիների/ հանդեպ սկսված հիստերիան ամեն դեպքում չի կարելի արդարացված համարել, այնուամենայնիվ փաստենք, որ այդ հայտարարության մեջ տեղ գտած մտքերից շատերը, մեղմ ասած, զավեշտալի են և վկայում են մի քանի բանի մասին.

1. Ադրբեջանում ավելի քան 100000 ռուսների բնակության փաստը /հասկանալի է, որ նրանց մեծ մասը ունեն Ադրբեջանի քաղաքացիություն/ ներկայացնել որպես հանդուրժողականության ապացույց՝ անընդունելի է: Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է հանդուրժողական համարվելու համար: Ռուսների հանդեպ հանդուրժողականությունը չի կարող սրբագործել անհանդուրժողականությունը հայերի և, ինչու ոչ, թալիշների, լեզգիների և այլ տեղաբնիկ ժողովուրդների հանդեպ:

2. Ադրբեջանում քաղաքացիականը երկրորդական նշանակություն ունի էթնիկականի համեմատ: Այսինքն՝ սպառնալով, որ ադեկվատ միջոցառումներ կձեռնարկվեն ադրբեջանաբնակ ռուսների հանդեպ՝ հայտարարության հեղինակները փաստում են, որ իրենց համար կարևոր է ոչ թե Ադրբեջանի քաղաքացին, նրա շահերը, այլ էթնիկական նկարագիրը: Իհարկե սա նոր երևույթ չէ, քանի որ անկախ քաղաքացիական պատկանելությունից՝ էթնիկական հայերը Ադրբեջանի պատկան կառույցների կողմից բազմիցս են խտրական վերաբերմունքի արժանացել:

3. Ադրբեջանի իշխանությունների կողմից սույն հայտարարության չդատապարտումը կարող է վկայել այն մասին, որ այդ իշխանությունները համաձայն են հայտարարության տեքստի հետ կամ խրախուսում են էթնիկական հիմքով հնարավոր հանցագործությունները սեփական քաղաքացիների հանդեպ և այլն:
4. Ադրբեջանում ռուսների հանդեպ հնարավոր գործողությունների պատասխանատվությունը բարդելով ռուսական իշխանությունների վրա՝ հայտարարության հեղինակները փորձում են շանտաժի ճանապարհով պաշտպանել իրենց հայրենակիցների իրավունքները Ռուսաստանում և, միևնույն ժամանակ, «օրինականացնել» իրենց հնարավոր հանցանքներն ապագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել