2009թ.-ից ի վեր Հայաստանի Հանրապետության դեսպանը Շվեյցարիայի Համադաշնությունում  Շառլ Ազնավուրն է, որը նախքան այդ բոլորին քաջ հայտնի էր`  որպես աշխարհահռչակ շանսոնյե:
Այսօր նա արդեն մուտք է գործել քաղաքկան դաշտ և փորձում է իր հայրենիքի բարգավաճման գործում իր քաղաքական լուման ներդնել:
Սակայն շատերի կողմից նա վերջերս քննադատության արժանցավ. Ճի՞շտ է այն թե սխալ: Տեսակետս պարզ կդառնա սույն աշխատանքն ուսումնասիրելուց հետո միայն: Իսկ նախապես նշեմ, որ շանսոնյե դեսպանն առանձնանում է իր մտավորականությամբ ու հեռատես լինելով:
Թեման  արդիական է դարձել վերջերս, երբ ՀՀ մի շարք քաղաքկան գործիչներ սկսեցին քննադատել նրան`համարելով, որ նա որպես դեսպան ճիշտ չէ նշանակված:
Կան նաև այնպիսի կարծիքներ, որոնք սատարում են նորանշանակ դեսպանի գործունեությունը:
Աշխատանքի նպատակն է շանսոնյե դեսպանի բոլոր գործունեությունները, նրա հայտարարությունները, նրա մասին ստեղծված զանգվածային կարծիքները ի մի բերելով`գնահատել նրան որպես ՀՀ դեսպանը Շվեյցարիայի Համադաշնությունում:
Շառլ Ազնավուրը /Շահնուր Վաղինակ Ազնավուրյան/ ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:
Շարլ Ազնավուրը`
Հայաստանի մշտական դեսպանն է  ՅՈՒՆԵՍԿՈ-ում։2009թ. մայիսի 4-ից` Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:Փետրվարի 12-ին 2009թ. Շարլ Ազնավուրը համաձայնվել է ստանձնել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը: Ֆրանսիայում ծնված, հայկական արմատներով 84-ամյա երգիչը հայկական հեռուսատեսությամբ հայտնեց իր նշանակման մասին:
BBC հեռոըստաընկերության լրագրողների հետ ունեցած հարցազրույցում Շարլ Ազնավուրը ասում է. «Շատ մեծ պատիվ է ինձ համար, որ Հայաստանը առաջարկել է ինձ դառնալ իր դեսպանը: Սկզբում ես տատանվեցի, քանի որ դա հեշտ քայլ չէ: Բայց հետո ես մտածեցի, որ վերջիվերջո, այն ինչը շատ կարևոր է Հայաստանի համար, շատ կարևոր է նաև մեզ բոլորիս համար: Ես ընդունում եմ այս առաջարկը մեծ հաճույքով, ուրախությամբ և հպարտության խորը զգացումով»: [1]
Անսպասելիորեն հաստատվեցին Շառլ Ազնավուրի` Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Անսպասելիորեն, քանի որ նախապես նա մերժել էր` նշելով, որ չի ցանկանում կորցնել իր ազատությունը, և որ ինքը շատ կնեղվի, եթե ՀՀ ընդունած որևէ որոշում իրեն դուր չգա: Թե ինչու աշխարհահռչակ երգիչը որոշեց ընդունել առաջարկը, և թե ինչու այդ դեպքում նրան չառաջարկվեց հենց Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, որը նույնպես թափուր էր:
Ըստ զանազան ֆորումների, մեկնաբանությունների`Ֆրանսիային անհրաժեշտ է ավելի հմուտ դիվանագետ, իսկ Շվեյցարիան, լինելով չեզոք երկիր, այն էլ Հայաստանի համար, դիվանագիտական մեծ վտանգ չի ներկայացնում: Շատերը նաև քննադատեցին երգչին, քանի որ վերջինս չունի համապատասխան կրթություն և դիվանագիտության հետ ոչ մի կապ չունի:
Հոկտեմբերի 7, 2011թ. Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել Nouvelles d’Arménie ամսաթերթին`խոսելով Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի և այլ հարցերի շուրջ:
Երգիչն ասում է.<< Արդեն սկսել եմ ձանձրանալ: Այդպես հաջողության չենք կարողանալու, երբեք չենք կարողանալու հասնել: Մեր թշնամիներն իրենց փրկելու համար սպասում են այն մարդկանց մահվանը, ովքեր դեռևս իրենց հիշողություններում կրում են դա։ Ո՞ր երկիրն է իրեն զոհաբերելով  պաշտպանում մեզ։ Ֆրանսիան ինչ ճանաչելու էր, ճանաչել է, ավելի առաջ չի գնում։ Ոչ մի երկիր մեզ չի աջակցելու։
Բացի այդ, այսօր հեղափոխություն անող արաբների երազանքը քեմալիստական մոդելին համապատասխան կառավարություն ունենալն է։ Իսկ դա ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, ովքեր շարունակում են հարստանալ։ Նրանք նույնիսկ անդամակցում են G20–ին։ Հիմա արդեն Եվրամիությանն անդամակցելու խնդիր էլ չունեն։ Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ու՞մ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞։ Հազարավոր դժբախտ մարդիկ տարածվելու են աշխարհով մեկ։ Եվ մենք հիմա թուրքերի դեմ ենք դուրս եկել և կենտրոնանում ենք Ցեղասպանություն եզրույթի վրա՞»
Հարցազրույցի ընթացքում Ազնավուրը դիմել է թուրքերին և կոչ արել նրանց, որ եթե չեն ցանկանում 1915թ. իրադարձություններին տալ Ցեղասպանություն որակումը, ապա գոնե թող ընդունեն, որ տեղի են ունեցել հայկական ջարդեր:
«Հիմա հարց եմ ուղղում թուրքերին՝ եթե դա Ցեղասպանություն չէ, մի ողջ ժողովրդի ոչնչացում չէ, ապա ի՞նչ է։ Ողջ այս ընթացքում ի՞նչ անվանում եք տվել այդ երևույթին։ Ինչպե՞ս է այդ իրավիճակն անձամբ բնութագրել Աթաթուրքը։ Իմ ուզածը հետևյալն է՝ նախքան Ցեղասպանության եզրույթը շրջանառության մեջ դրվելն ինչպե՞ս են որակել այդ իրադարձությունը՝ կոտորա՞ծ, հայերի կոտորա՞ծ։ Եթե չեք ցանկանում օգտագործել Ցեղասպանություն եզրույթը, գոնե ընդունեք՝ դա կոտորած է։ Իսկ եթե հնարավոր լինի հասնել դրան, կարծում եմ՝ մեծ տարածություն հաղթահարած կլինենք»,– ասել է Շառլ Ազնավուրը։
Ընդգծելով, որ Հայաստանն առաջ չի կարող շարժվել՝ կենտրոնանալով Ցեղասպանություն եզրույթի վրա աշխարհահռչակ շանսոնյեն ասել է. «Հայաստանը լուրջ վտանգի տակ է և բոլորը կենտրոնացած են Ցեղասպանություն եզրույթի վրա։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում Հայաստանը տանել առաջ։ Այդ տրամաբանությունը մեզ ո՞ւր է հասցնելու։ Որտե՞ղ են ինձ նման տեսակետների համար քննադատողները։ Ի՞նչ են անում Հայաստանին օգնելու համար։ Ե՞րբ են գումար ուղարկում Հայաստանին։ Մի՞թե նրանք են ինձ դասեր տվողները։ Այդ ես պետք է նրանց դասեր տամ։ ԱՄՆ–ում թեմայի առնչությամբ խոսեցի մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում աշխատում են նվազագույնը 300 փաստաբաններ։ Նա էլ էր մյուսների նման մտածում։ Սակայն երբ նրան ներկայացրի իմ տեսակետը, ասաց, որ ես իրավացի եմ»։
Շառլ Ազնավուրը France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ խոսել էր Ցեղասպանություն եզրույթի մասին և ասել հետևյալը.
«Դա մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է: Այն, ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ>>:[2]
Այս վերջին արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում մեծ սկանդալի ու հակասությունների առիթ տվեց: Շատերը առ այսօր քննադատում են երգչին`համարելով իր ասածները դիվանագետին ոչ վայել արտըահայտություններ: Սակայն արդյոք հեռատեսական չէ նրա`<< ցեղասպանություն>> բառի  համար կռվելու փոխարեն լուրջ դիվանագիտական հարաբերություններ սկսել հաստատել Թուրքիայի հետ, ինչն ավելի արդյունավետ է ըստ Շվեյցարիայում ՀՀ նորանշանակ դեսպանի:
Շարլ Ազնավուրը նաև դեմ է մեր իշխանությունների վարած քաղաքականությանը.
<< Հայաստանում մաֆիոզներին պետք է գնդակահարել: Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ես դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` կառավարությունը իր իսկ երկիրը զրկում է երիտասարդներից: Երիտասարդությունը հեռանում է: Եվ այդ առումով խնդիրը արդեն ոչ թե քաղաքական է, այլ համամարդկային: Այդ խնդիրը պետք է անհապաղ լուծում գտնի:
Հայաստանում մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ եմ լսել: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»- «Nouvelles d՚Armenie» ամսագրում օրերս հրապարակված հարցազրույցում նման համարձակ գնահատականներ է տվել աշխարհահռչակ շանսոնյե Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը` խոսելով Հայաստանում արտագաղթի պատճառների մասին:[3]
Աշխարհահռչակ շանսոնյեն ընդգծել է, որ Հայաստանի բնակչության թիվն ուռճացված է ներկայացվում. «Իմ միակ ցանկությունն այն է, որ այնտեղ մնացած մի բուռ ժողովրդի համար լավ բաներ արվեն: Քանի՞ մարդ է մնացել այնտեղ: Ասում են` 2.3 միլիոն: Մինչդեռ իշխանությունները հայտարարում են 3.6 միլիոնի մասին: Բայց դա ճիշտ չէ»,- ասել է Ազնավուրը` մտահոգություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց այդ թիվը ավելի է նվազելու` հասնելով 1.8 միլիոնի, իսկ հետո էլ` 1 միլիոնի»:
Այս  հայտարարությունը ևս արժանացավ քննադատության: Շատերը նրան դավաճան անվանեցին: Կարծում էին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհեռացնի նրան դիվանագետի պաշտոնից, սակայն ԱԳՆ մամլո խոսնակը լրագրողներին այս առիթով տեղեկություններ չտվեց:
Շառլ Ազնավուրը որպես դիվանագետ շատերի մոտ չի ընդունվում: Կարծում են, որ դեսպանի լիազորությունները պիտի ստանձնի մեկը, ով բավականաչափ տարիների փորձ ունի, համապատասխան կրթություն:
Իրապես, Շարլ Ազնավուրի հայտարարությունները հակասում են դիվանագիտական էթիկայի նորմերին: Օրինակ, նա չպետք է ՀՀ կառավարության վարած քաղաքականության մասին հրապարակեր ֆրանսիական ամսագրում: Այլ բան է, եթե ճշմարտությունը նա հրապարակեր Հայաստանի Հանրապետության թերթերից որևէ մեկում, քանի որ ֆրանսիական ամսագրերը, ի տարբերություն հայկլականի` կարդում է ամբողջ աշխարհը:
Փորձեցինք պարզել, թե ինչպես է գնահատում սփյուռքը Շառլ Ազնավուրի բնորոշումները: Սփյուռքում տպագրվող թերթերի խմբագիրներն ինչ-որ առումով պատրաստ են ստորագրել նրա արտահայտած մտքերի տակ: Nouvelles d’Armenie Magazine-ի խմբագիր Արա Թորանյանը համամիտ է Շառլ Ազնավուրին: Նա նշեց, որ առաջին հերթին Ազնավուրը ցույց տվեց, որ ինքը քաջ է: Միաժամանակ, Արա Թորանյանը համաձայն չէ Շառլ Ազնավուրի` «ցեղասպանություն» բառի վրա կենտրոնանալու առիթով հռետորական հարցադրմանը. Հայաստանը և Թուրքիան, նրա խոսքերով, պետք է կարողանան բանակցել: Սակայն Արա Թորանյանը համաձայն է «սպիտակ ցեղասպանություն» բնորոշման հետ: Նրա խոսքերով, Շառլն ասել է այն, ինչ շատերն են սփյուռքում մտածում, երբ նայում և տեսնում են` ինչ է այսօր Հայաստանում կատարվում:«Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը (Նիկոսիա-Կիպրոս) մեզ հետ զրույցում նշեց, որ հավաստի տվյալներով, հայ երիտասարդը ցանկանում է արտագաղթել հայրենիքից և իր ապագան կերտել օտար երկինքների տակ: Եվ եթե այս երևույթը լայնորեն տարածվի, այն կդառնա իսկապես սպիտակ եղեռն կամ անարյուն ցեղասպանություն: «Հիմա ո՞վ է պատասխանատուն նման տխուր երևույթի համար: Կարծում եմ` սխալ է սրա ամբողջ պատասխանատվությունը միանշանակ կերպով բարդել ՀՀ իշխանությունների ուսերին: Այս երևույթի տակ, ըստ իս, թաքնված է առաջին հերթին մեր մեջ նստած օտարամոլությունը, որ ավեր է գործում գրեթե ամեն տեղ»,- ասաց Երան Գույումճյանը: Սակայն ավելացրեց, որ ի դիմադրություն այս օտարամոլության, ՀՀ պետական այրերը պետք է ամեն ինչ անեն խրախուսելու հայոց լեզվի, հայ մշակույթի, հայկական արժեքների տարածումը, այդ ամենը դարձնեն պետական լուրջ հոգածության առարկա: «Սա ծանրակշիռ բացթողում է, որի հետևանքը կըլլա՝ ազգային ոգիի և ազգային ինքնագիտակցության խամրումը մանավանդ մեր նոր սերունդին մոտ…Նմանապես, հայրենիքը մեր երիտասարդներին համար պետք է իսկապես Տուն Հայրենի, ուր անոնք զգան իրենց նկատմամբ սերն ու գուրգուրանքը, սրտացավ, արդար ու անխտրական վերաբերմունքը պետական այրերուն ու պատասխանատուներուն՝ բոլոր մակարդակների վրա: Սա ևս շատ կարևոր խնդիր է, որովհետև այդ պարագային է, որ հայ երիտասարդները պիտի զգան, որ իրենք Տերն են երկրին և անոր ապագային»: Ներկայիս այս անարյուն ցեղասպանության առաջը առնելու համար, Երան Գույումճյանի խոսքերով, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ պետական, կառավարական պատասխանատուները և խորքային լուծումներ որոնեն բոլոր մակարդակների վրա: «Կարծում եմ` համակարգային լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ, ի մասնավորի` քաղաքացիներին վերադարձնելու հայեցի այն ոգին ու գիտակցությունը, առանց որոնց հայ մարդը կօտարանա իր հայրենիքից, եթե նույնիսկ մնա ու ապրի այնտեղ»,- եզրափակեց Երան Գույումճյանը:Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը նկատեց, որ վերջին շրջանում բավական աղմկահարույց ձևով արծարծվեցին Շառլ Ազնավուրի հայտարարությունները թե՛ ֆրանսիական և թե՛ ռուսական մամուլի մեջ: Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և դիվանագիտական կարգով իր աշխատանքի ոլորտը ուղղակի առնչվում է արտգործնախարարությանը … Ըստ Շ. Գանդահարյանի` սա նշանակում է, որ ինքը իրականացնում է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության ճշտորոշած ուղենիշերը… Կոնկրետ «ցեղասպանություն» բառեզրի հարցով, նրա խոսքերով, դիվանագիտական ասպարեզի ուղու վրա լուրջ խախտում է արձանագրված, երբ Շառլ Ազնավուրն ասում է, թե համաձայն է բառեզրի օգտագործումը փոխարինել Երևան-Անկարա հարաբերությունները բարելավելու մղումով… Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային կետ է, և որևէ դեսպան սկզբունքորեն չի կարող նման շեղում կատարել… Նրա խոսքերով, հիմա արտաքին ճակատի վրա այդ բառի օգտագործումից հրաժարվելու տեսակետ հայտնողը նույն բառեզրն է օգտագործում այս անգամ ներքին քաղաքականությունը բնորոշելու համար…«Ցեղասպանությունը հայկական կողմի համար հստակ պատասխանատություն ունի, հստակ ժամանակահատվածի կվերաբերի և հստակ իրավական պահանջների խնդիր է… Դրանից դուրս հայկական իրականության մեջ որևէ կացություն բնորոշելու համար ճիշտ չեմ գտնում բառեզրի օգտագործումը»,-ասաց Շահան Գանդահարյանը` իհարկե չժխտելով, որ Հայաստանում կա ստվերային երևույթ, արտագաղթ, կոռուպցիա. միաժամանակ ճիշտ չի համարում հայտարարությունների այն ոճը, որի ականատես ենք՝ հաստատում-հերքում, հավելյալ պարզաբանում, պաշտոնական անձի` այս պարագային արտաքին քաղաքականությունից շեղում և ներքին իրավիճակ բնորոշելու համար սխալ բառեզրի օգտագործում… «Մեկ կետ ևս կուզեմ մատնանշել. դիվանագիտությունը մասնագիտություն է, որը ենթադրում է պատրաստվածություն… Հայաստանի արտգործնախարարությունը իր դեսպանների նշանակման ընթացքում պարտավոր է նկատի ունենալ այս չափորոշիչները… Մեծ մարդասերը, մեծ հայասերը և աշխարհահռչակ երգիչն անպայման արդյունավետ գործողդեսպանչէ»…«Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերովբյանը ոչ թե շետադրում է անում` ինչ է ասել Շառլ Ազանվուրը, լավ է արել, թե վատ, դա իր գործն է, այլ մաղթում, որ 2012-ն ավելի արդյունավետ լինի Հայաստանի համար: Նրա կարծիքով, կարևորը ոչ թե հենց արտագաղթն է, այլ արտագաղթի պատճառները, կարևոր է բնակչության կենսամակարդակի բարձրանալը, որը պետք է այսօրվա Հայաստանի իշխանությունն իրագործի, և դա սփյուռքահայերը չէ, որ պետք է որոշեն. «Ես անցյալի կարոտը զգալ չեմ ուզում, բայց Սովետական Միության շրջանում թեև շատ նեղություններ կային, բայց ժողովուրդը այսքան անգործ և աղքատ չէր, այսքան մուրացիկություն չկար երկրի մեջ: Այսօր Հայաստանը (ոչ բոլորը) աղքատ վիճակի մեջ են, Հայաստանի հարուստ խանութները չեն իսկական Հայաստանը ներկայացնում: Հայաստանի բուն պատկերը ժողովրդի աղքատությունն է, նեղությունները, որ պատճառ կլինեն արտագաղթի, և արտագաղթը մեր ամենամեծ ցավն է»,- շեշտեց Սարգիս Սերովբյանը: Նա ընդգծեց, որ այսօր արտագաղթողները դասալիքներ չեն, բոլորը ազգասեր են, և հարց է առաջանում` ինչու են այդ դեպքում լքում երկիրը, և սա այսօրվա կառավարության դժվար հարցն է, բայց պետք է լուծեն: «Սա ինձ համար ավելի մեծ ցավ է, քան 1915-ի հարյուրամյակի վերհիշումը, մենք Հայաստանը նախ բարգավաճ վիճակի պետք է բերենք, մենք պետություն լինելով` տկար ենք»,-ավելացրեց Սարգիս Սերովբյանը:[4]
Չի կարելի ասել, որ նա դիվանագիտական  հմտություն չունի: Նա ավելի լավ է տեղեկացված քաղաքական անցուդարձից: Կարելի է ասել, որ նա պարզապես բարձրաձայնում է այն, ինչ ժողովուրդը վախենում է բարձրաձայնել այսպես կոչված <<դեմոկրատ>> երկրում: Նա պարզապես անհանգստացած է իր երկրի ապագայով: Նա շատ սուր տեսողություն ունի: Զուր չէ դեսպան նշանակվելուց առաջ իր մտավախությունները, երբ նշում էր, որ վախենում էր, որ իր մտքերն ու գաղափարները չհամընկնեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր փոքր-ինչ զայրույթով է լցված շանսոնյե դեսպանի արած նկատողություններին, քանի որ այդպիսով վերջինս ջրի երես է հանում ՀՀ այն թերություններն ու բացթողումները, որոնք ժողովուրդը վախենում է անել:
7 օր.am-ը Շարլ Ազնավուրի դեսպան ընտրվելը համարում է ՀՀ նախագահի հերթական <<ձևական>> փայլով հանդես գալը:[5]
Հետաքրքրական է, որ բլոգի հեղինակը  չի անդրադարձել ՀՀ կառավարության մասին շանսոնյեի արած հայտարարություններին, որտեղ պարզ երևում է, որ դեսպան է նշանակված մեկը, ով ոչ թե ձևական ՀՀ փայլն է, այլև նրա <<կեղտն>> ու <<փոշին>> մաքրող լուրջ մտավորական, իսկ դեսպան պատահական մարդիկ չեն ընտրվում: Նրանք անպայման հետևողական ու հեռատես են լինում:
ՀՀ դեսպանը Շվեյցարիայում իր պարտականությունները լիովին է կատարում`հանդիպումներ կազմակերպելով, բանակցություններ վարելով, հանդիպելով հայ համայնքի հետ:
Օրինակ, 2011թ. Հունվարի 27 հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերի և Դոմինիք դե Բումանի հետ:[6]
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության խնդիրները, մասնավորապես` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությունները, կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքը, նաեւ` նոր նախաձեռնությունների ու միջոցառումների հնարավորությունները:
Հայաստանի դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ առկա քաղաքական փոխըմբռնումը, Շվեյցարիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը եւ պատրաստակամությունը:
Փետրվարի 4-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական, Ժուրա կանտոնի և Շվեյցարիայի Հանրապետության նախկին նախարար, Սեմրա հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի և նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաև Սեմրա հիմնադրամի և Երևանի Արաբկիր բժկական կենտրոնի միջև համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը կարևորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը եւ ընդլայնումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սեմրա հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին և արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին:[7]
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) մարտի 12-ին երկրի մի քանի քաղաքներում ցույցեր է կազմակերպել:
Փարիզում՝ Սենատի դիմաց գտնվող հրապարակում հավաքված և Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի ընդունումը պահանջող հազարավոր ցուցարարներին սատարում էին Օ դը Սեն դեպարտամենտի պատգամավորների խորհրդի ղեկավար Պատրիկ Դևեջյանը, փարիզյան Իսի լե Մուլինո արվարձանի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում քաջ հայտնի իրավաբան Սերժ Կլարսֆելդը:Հիշեցնենք, որ 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ, որը հետագայում Սենատում արգելափակվել է: Իսկ վերջերս WikiLeaks կայքը հրապարակել է մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է այդ օրինագիծը «Սենատումթաղել»:Իր ելույթում Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը դիվանագիտական կանոններից չերկնչելով՝ ֆրանսիական քաղաքական գործիչներին հավաստիացրեց, որ թուրքերին վստահել չի կարելի:«Ես ուզում եմ, որ այս տիկինները և պարոնները հիշեն՝ ոչ մի թուրք զինվոր ֆրանսիական համազգեստ չի կրել և երբեք էլ չի կրի: Նրանք կարող են ցանկացած խոստում տալ ու հենց հաջորդ առավոտյան առաջինը հրաժարվել՝ ինչպես տեղի ունեցավ Ժնևում»,— հայտարարել է Ազնավուրը: Նա հիշեցրել է, որ «Թուրքիան Գերմանիան գերադասում է Ֆրանսիայից»: «Դա նրանց իրավունքն էր: Իսկ մեր իրավունքը նրանց Ֆրանսիայում չընդունելը և պահանջելն է, որ իրենց երկրում դադարեն ժխտել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է դեսպանը: [8]
<<Ռասիասկայա գազետա>> թերթի այն հարցին, թե ինչպե՞ս է նա իրեն զգում որպես դիվանագետ, նա պատասխանոփւմ է. <<Կարծում եմ` իմ կարիերան բարեհաջող է զարգանում, քանի որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմել Շվեյցարիայի հետ: Իսկ եթե դիվանագիտական հարցերում իսկապես լուրջ խնդիրներ առաջանան, ապա մենք կհրավիրենք պրոֆեսիոնալների>>:[9]
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Շվեյցարիահի Համադաշնությունում`
Աշխատանքային օրեր եւ ժամեր` Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ | ժ. 09:00-18:00Նստավայր` Ժնեւ, ՇվեյցարիաԱրտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Շառլ Ազնավուր
Հասցե` 28, Avenue du Mail, 1205 Geneva, SwitzerlandՀեռ.` (41-22) 3201100Ֆաքս` (41-22) 3206148Էլ. փոստ` [email protected][10]

Անի Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել