Վամպիրների մասին հիշելիս սովորաբար մեր մտքին գալիս են նրանք, ովքեր Դրակուլայի պես մարդկային արյուն են խմում, սակայն այս հոդվածում խոսքը կգնա ոչ թե նրանց մասին, այլ այն մարդկանց, ովքեր ամեն օր շրջապատում են մեզ և միայն իրենց ներկայությամբ շատերից խլում են կենսական ուժերն ու տրամադրությունը: Հոգեբանները նրանց անվանում են էներգետիկ կամ հոգեբանական վամպիրներ: Ամեն մարդ չէ, որ կարող է դիմակայել էներգետիկ վամպիրի հարձակմանը. նրանց ազդեցությանն առավել ենթակա են ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ, որոնք սովոր են լսել ուրիշների կարծիքը և ոչ ոքի չեն կարողանում ասել “ոչ”: Իրենց հուզական պահանջմունքները բավարարելու համար էներգետիկ վամպիրները սովորաբար փնտրում են վստահող, բարի և կարեկցանքի ունակ մարդկանց: Եթե Դուք նրանց թվին եք պատկանում, ապա զարմանալի չէ այն փաստը, որ որոշ մարդկանց հետ շփումից հետո Դուք ուժերի անկում, դյուրագրգռություն և սեփական կյանքից դժգոհություն եք զգում: Էներգետիկ վամպիրի դեմ հակաթույն գտնելու և նրան չեզոքացնելու համար նախ փորձենք հասկանալ, թե ինչպիսին են լինում հոգեբանական վամպիրները և ինչպես կարելի է նրանց ճանաչել: Բոլոր հոգեբանական վամպիրներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի. առաջին խմբի մեջ են մտնում մարդիկ, որոնք անգիտակցաբար խլում են ուրիշի էներգիան, երկրորդ խմբում են գտնվում “գիտակից” վամպիրները, որոնք հասկանում են իրավիճակի էությունը և դրանից բավականություն են ստանում: Կյանքում ավելի շատ են հանդիպում առաջին խմբի էներգետիկ վամպիրները, որոնք էներգիա են խլում՝ ինքներն էլ դա չցանկանալով, հիմնականում միայնակության զգացումի, քրոնիկական հիվանդությունների, նյարդային խանգարումների կամ ուղղակի իրենց ճիշտ պահել չկարողանալու հետևանքով: Էներգետիկ վամպիր անգիտակցաբար կարող է դառնալ ցանկացած մարդ: Բոլոր մարդիկ միմյանց հետ կապված են տարբեր կապերով՝ ընտանեկան, ընկերական, բարեկամական և աշխատանքային: Նրանց հետ շփման գործընթացում շատերը սովոր են պատմել սեփական կյանքից, քննարկել այլ մարդկանց, վիճել, ապացուցել, կատակել և հարաբերություններ պարզել: Հենց այս շփումների ժամանակ էլ տեղի է ունենում օտար էներգիայի արտահոսքն ու ներծծումը: Էներգետիկ վամպիրների ամենատարծված տեսակն այսպես կոչված “ագրեսորներն” են: Բոլորիս էլ ծանոթ են մարդիկ, որոնք մշտապես գոռում, վիճում, սեփական հայացքները պաշտպանում և ուրիշներից անվերապահ հնազանդություն են պահանջում: Աշխատավայրում նման հոգեբանական վամպիր կարող է լինել ղեկավարը, տանը՝ բռնակալ-ամուսինը, ամեն ինչից դժգոհ կինը, սկեսուրը կամ զոքանչը: Նրանք ձգտում են սկանդալ սարքել ցանկացած առիթով՝ միայն թե ազատություն տան իրենց հույզերին ու զոհի մոտ վիրավորանք հրահրեն: Էներգետիկ վամպիրների ագրեսիվ տեսակները տարբերվում են նրանով, որ շփման ընթացքում զրուցակցի հոգեկանում փնտրում են զգայուն և առավել խոցելի կետը, այնուհետև վարպետորեն հարված են հասցնում այդ ցավոտ տեղին: Եվ երբ զոհը սկսում է բուռն ու զայրացած պաշտպանվել՝ արտահայտելով իր հույզերը, վամպիրը հաճույք է ստանում դրանից: Նա ստացավ ցանկալի էներգիան և կարող է անգամ ժպտալ ի պատասխան: Ագրեսիվ տեսակի վամպիրից պաշտպանվելու համար, նրան էներգիա խլելու առիթ մի՛ տվեք: Սկանդալի կամ վեճի ծագման դեպքում, պատրաստակամորեն համաձայնեք նրա հետ կամ շրջանցեք բոլոր զրույցները՝ միանգամից հասկացնելով, որ խոսակցության այդ թեման Ձեզ հետաքրքիր չէ: Էներգետիկ վամպիրների հաջորդ տեսակին են պատկանում մարդիկ, ովքեր, չնայած իրենց նորմալ վիճակին, մշտապես խղճահարություն են պահանջում իրենց հանդեպ: Դա կարող են լինել ծեր ծնողները, որոնք օգտագործում են իրենց երեխաների անսահման սերը` անընդհատ գանգատվելով, թե որքան բարդ է իրենց համար ապրելը: Իրականում նրանք այդ անում են ոչ թե վատ կյանքից, այլ միայնակությունից՝ ցանկանալով երեխաներին ավելի շատ ներգրավել իրենց կյանք: Այս կատեգորիային կարելի է դասել նաև իրենց շատ լավ զգացող, սակայն տնային գործերը չկատարելու համար մշտապես վատ ինքնազգացողությունից բողոքող քմահաճ կանանց, ինչպես նաև՝ այդ կերպով փող վաստակելու անհրաժեշտությունից գլուխ պահող ամուսիններին: Խղճալով և նրանց փոխարեն աշխատանքը կատարելով՝ մարդն իրենց տալիս է սեփական էներգիան: Ընկերուհին կամ ուղղակի ծանոթը, որն անդադար պատմում է այն մասին, թե որքան վատ է ապրում, նույնպես կարող է հոգնեցնել իր զրույցներով և էներգիա խլել: Խեղճ տեսակի էներգետիկ վամպիրների հետ շփման մեջ աշխատեք ընդհատել կյանքի հանդեպ նրանց բողոքները և խոսակցությունը տարեք ավելի չեզոք թեմաների ուղով: Էներգետիկ վամպիրների անօգնական տեսակը նույնպես կարելի է համարել խեղճ, սակայն սա նախորդից տարբերվում է որոշումներ կայացնելու անընդունակությամբ: Դա հիվանդներն են, որոնք պառկած են անկողնում և մտերիմ մարդկանցից պահանջում են հոգատարություն և ուշադրություն: Օրինակ՝ խնամելով անկողնուն գամված հիվանդին՝ շատ մարդիկ հրաժարվում են իրենց կյանքից և շատ արագ սկսում իրենք հիվանդանալ՝ էներգիայի ամբողջական տրման հետևանքով: Անօգնական տեսակի վամպիրիզմից պաշտպանվելու համար օգնե՛ք, սակայն թույլ մի՛ տվեք, որ Ձեզ ամբողջովին օգտագործեն: Եթե Դուք ձեռնամուխ եք եղել բարի գործեր կատարելուն, ապա պետք չէ ինքներդ Ձեզ զոհի վերածեք: Հոգեբանական վամպիրիզմի վերջին տեսակը նկատվում է չափազանց սիրող, բարի ու հոգատար մարդկանց մոտ, որոնք չունեն իրենց սեփական հետաքրքրություններն ու ձգտում են խցկվել ուրիշի կյանք: Օգնելու նրանց ցանկությունը ժամանակի ընթացքում անտանելի է դառնում: Դա կարող են լինել զոքանչները, սկեսուրները, կանայք, որոնք առանց ամուսնու կամ երեխայի ցանկությունը հարցնելու, սկսում են նրանց փոխարեն ցանկացած գործ անել՝ սեփական հայեցողությամբ: Նման օգնականին դժգոհություն հայտնելն անհարմար է, սակայն ինքնուրույն ապրելու ցանկություն նույնպես կա: Բարի վամպիրի զոհը չդառնալու համար աշխատեք երբեք նրա մոտ չբողոքել Ձեր կյանքից և նրան չներգրավել Ձեր խնդիրների մեջ: Էներգետիկ վամվպիրների առօրյա կյանքում կարելի է հանդիպել ամենուր, իսկ իրական վամպիրների գոյության մասին կարծիքները միշտ էլ իրարամերժ են եղել:Բժիշկները հավաստիացնում են, որ վամպիրիզմը արյան հիվանդություն է, որը կոչվում է պորֆիրիա:Այն հանդիպում է հարյուր հազար մարդուց մեկի մոտ և կրում է ժառանգական բնույթ:Այս հիվանդության դեպքում օրգանիզմը չի արտադրում կարմիր գնդիկներ, որի արդյունքում արյան մեջ թթվածնի ու երկաթի անբավարարվածություն է առաջանում, խանգարվում է նյութափոխանակությունը, պիգմենտացիան, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ քայքայվում է հեմոգլոբինը, այստեղից էլ այն առասպելը, որ վամպիրները վախենում են արևի լույսից:Այս հիվանդների մաշկը շագանակագույն երանգ է ստանում, շրթունքների շուրջբոլորը մաշկը չորանում է, ժանիքները տեսանելի են դառնում, այստեղից էլ վամպիրների ժանիքների մասին պատկերացումները:Որոշ դեպքերում պորֆիրիան ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Թերևս միայն այս հիվանդությամբ տառապող մարդկանց կարելի է անվանել վամպիրներ, իսկ այն պատկերացումները, թե կան էակներ, որոնք իրենց կենսունակությունը պահպանում են`խմելով մարդկանց արյունը, հնարանք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել