Այսօրինակ զվարճությունն ամենահետաքրքիրն ու զբաղեցնողն էր։ Վաղուց խաղ էր սկսել, մրցում էր հետը, զվարճանում, որ սա կարող է դեռ ծրագրեր կազմել ու անկեղծորեն հավատալ, որ ինչ ուզի՝ կանի։ Բայց և հիացած էր հաստատակամությամբ։ Ամեն ինչ անում էր՝ նպատակից նահանջած չլինելու համար։ Փորձում էր շրջանցել ամենաանակնկալ խոչընդոտները, իսկ եթե չհաջողվեր, ճակատ էր տալիս դրանց դեմ։ Յուրահատուկ տեսակ է։ Աստված հիացած էր իր այս ստեղծագործությամբ և հիմա էր հասկանում, թե ինչից է, որ մարդիկ հիանում են իրենց հաջող գործերով։

Մի պահ թախիծով հիշեց Հոբին, քմծիծաղ տվեց. հասկացավ, որ ժամանակները փոխվել են։ Նայեց մաքառող մարդուն, խաղամոլի ազարտով խնդաց ու հասկացավ, որ իր ճաշակն էլ է փոխվել։ Խոնարհ ու համակերպվող, իրենց գոյության պատասխանատվությունն առ երկինք հղող կերպարներն արդեն հետաքրքիր չեն։ Իսկ սա՝ սա ուրիշ է։ Սա, իրոք, պարծանքի արժանի օրինակ է։ Անպայման ուզեց մեկին ցույց տալ, իր հիացմունքին ու հետաքրքրությանը հաղորդակից դարձնել։ Եվ որովհետև վաղուց բարեկամներ չուներ, իսկ ենթակաների մոտ թուլության դրսևորում կհամարվեր, կանչեց Սատանային։
-Վատառողջ եմ,-ասաց,- մտքովդ անցնո՞ւմ է՝ այցի գաս։

Սատանան, որ արդեն վարժ էր Տիրոջ այս տեսակ կատակներին, չհամարձակվեց, նաև անբարեկիրթ համարեց մերժելը։

-Տե՛ս,- ասաց հին ախոյանին՝ ցույց տալով ժայռը մագլցող երիտասարդին,-գիտե՞ս ինչ է անում։
Սատանան լռեց, որովհետև գիտեր՝ հիմա ինքը կասի։
-Ժայռ է մագլցում,- հրճվալից շարունակեց Աստված։- Գիտե՞ս՝ ինչու։ Որ իր սիրած աղջկա համար ծերպից լուսանկարի ձորը։
Ու աստված հռհռաց։

Սատանան ցավով նայեց երիտասարդին։ Հիշեց՝ թե ինչքան են ջանացել, որ հենց այս տեսակն ստանան։ Հաշվեց, թե որքան քիչ են հաջողել, ու ափսոսանքով արձանագրեց, որ սրանք, որպես կանոն, կենսունակ չեն, որովհետև լուրջ են ընդունել Աստծո պատվիրանները։ Ու չեն էլ բազմանում. համապատասխան զույգ չեն գտնում։ Քիչ է պատահում, որ իրենք իրենց վերարտադրեն, դրա համար էլ գնալով սպառվում են։ Տեսնես՝ քանի՞սն են մնացել։
Մտածեց, որ  այս տիպը ամենից ցայտուն երևում է պատերազմի ժամանակ։ Այն է, ուզում էր մի նման բան ձեռնարկել, բայց գլխի ընկավ, որ դա կլիներ միաժամանակ և՛ հաշվառում, և՛ վերացում։ Սատանան մտքում լռեց, որ չլինի հանկարծ, Տերն իմանա, ու ինքը ձեռնարկի մի պատերազմ։ Վերջերս ծերուկի խելքին ինչ փչում էր, տեղնուտեղն անում էր։ Հիմա էլ սրան, խնդրեմ, գլուխն ուտելու է։
Ու Սատանան որոշեց փնտրել, գտնել աղջկան, հանուն որի էս խելառն իրեն Աստծո ողորմածությանն է տվել։ Փնտրեց ու գտավ մի սրճանարում։ Աղջիկը նստած էր խորքում, բայց դեմքով դեպի դուռը։ Ինչ-որ սպասո՞ւմ էր։ Սատանան փակեց աչքերը, կենտրոնացավ՝ աղջկա մտքերը կարդալու համար. «Ի՞նչ եմ անում այդ անհույս ռոմանտիկին,- կարդաց,-իր ապարատից դուրս ուրիշ բան չգիտի։ Դա երբևէ կհասկանա՞, թե կինն իրենից ինչ է սպասում»։ Հեռախոսի ազդանշանն ընդհատեց մտքերը.
-Այո՞…
-Արդեն հաղթահարել եմ ճանապարհի մեկ երրորդը։ Շուրջը լեռներ են՝ մեկը մեկից հզոր։ Երանի հետս լինեիր։ Ի՞նչ ես անում։
-Ոչինչ։ Նոր եմ արթնացել,-ստեց աղջիկը,- վատ էի զգում։ Դեռ անկողնում եմ։
-Ես անպայման կնկարեմ ձորը։ Դու այդպիսի բան չես տեսել, գիտեմ։ Քեզ համար եմ անում։
-Եթե դժվար է, մի՛ արա,- ծամեց աղջիկը, որ նշանակում էր՝ շատ պետքս է։ Բայց տղան որպես հոգատարություն ընկալեց.
-Չէ, անելու եմ։ Դու մի՛ անհանգստանա. հո առաջին անգամը չի՞։

Աղջիկը սեղմեց ծխախոտի մնացուկը մոխրամանում, նայեց հենց նոր անջատած հեռախոսին, հետո հայացքն ուղղեց դռանը։ «Այ, սրան կուզեի,- կարդաց Սատանան՝ դռներում ակնոցավոր մի ինտելեկտուալի տեսնելով։- Հա, մենա՜կ չի։ Լավ, էս մեկին կամ՝ հաջորդին։ Կարևորը՝ ուրիշ լինի։ Ձանձրացել եմ…»։

Իսկ տղան մագլցում էր ժայռն ի վեր։ Կարկուտը, որ խփեց անասելի թափով, ոչինչ էր իր համար։ Մի քիչ մենակ թրջվեց, մինչև մտավ քարայրը։ Հետո այրող արև դուրս եկավ։ Օրն առավոտյան խաղաղ էր. սպասելի էր, որ պիտի պարզ ու հաճելի եղանակ լինի։ Բայց արևն էսպես խանձում է անկասկած անձրևից առաջ։ Անձրևը՝ ոչինչ։ Հիշեց, որ այս սարին մի աղբյուր էր բխում։ Անցյալ տարի է հայտնաբերել։ Մի քիչ ջուր կխմի ու կշարունակի։ Այստեղ էր։ Չկա՞։ Հիշեց, որ առանձնահատուկ համ ուներ այդ աղբյուրի ջուրը։ Զգաց, որ անասելի ծարավ է, առանց ջրի գուցե չձգի։ Հանեց ուսապարկից շիշը։ Մի քիչ տաքացել է, բայց ոչինչ։ Բերանը թրջի՝ հերիք է։ Վերևում տեսարանն է՝ կանաչ կիրճը՝ գրավի՜չ, հուզի՜չ։  Երկու-երեք ծերպ է մնում։ Պարանով է մագլցելու։ Կանգնելու է ժայռի ամենածայրին ու բռնելու է արծվի թռիչքը։ Արծիվ լիներ…

Ու՝ ահա։ Ժայռն ամբողջ և շրջակա սարերը, կիրճը, դեռ մի քանի ձոր էլ դենը պատած են խիտ մառախուղով։ Ամպերը ոտքերիդ տակ են ու գլխիդ վրա։ Չեն անձրևում, բայց թրջում են՝ շատ խոնավ է։ Տղան մի պահ միայն անհանգստացավ ապարատի համար։ Չէ, բարձրակարգ գործիք է, հուսադրեց իրեն, չի դավաճանի։
Հանեց ապարատը, պատրաստեց նկարելու։ Ամպ ու մառախուղից բացի ոչինչ չէր երևում։
-Տե՛ր Աստված, -մրմնջաց՝ հյացքը կիրճին ուղղած,- միայն մի պահ՝ մի կադր միայն…

Ու Աստված, որ այս մարդու հետ հաշիվները մաքրած-պրծած էր համարում ու աչքը կպցրել էր, անակնկալ կանչից վեր թռավ, շտապով հետ քաշեց ամպերը՝ իրեն ուղղված աղերսական գեթ մի հայացք տեսնելու անդիմադրելի հույսով…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել