60% խախտում պետգնումների ոլորտումIrates.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է չինովնիկների փողերը «հաշվել»: Օրերս նա իր զարմանքն է հայտնել բյուջեի այն ծախսերի վերաբերյալ, որոնք ուղղվում են պետգնումներին: Այս մասին գրում է newsru.com-ը` մեջբերելով Պուտինի խոսքերը. «Երբ ամեն ինչ բաց է, թափանցիկ, միանգամից ակնհայտ է դառնում չինովնիկների համար գնված շքեղությունների, անհարկի իրերի բարձր գները: Տարօրինակ է, բայց երբեմն անհեթեթ պատճառաբանություններով են պետգնումներ իրականացվում»: Վերահսկողական ծառայության տվյալները վկայակոչելով, ՌԴ ղեկավարը նշել է, որ 2012-ին պետական և համայնքային գնումների շուրջ 60%-ն իրականացվել է խախտումներով: «2012-ին պաշտոնական կայքերում տեղադրված է ավելի քան 3,4 մլն պետգնումների մասին տեղեկություն, որը կազմում է մոտ 8 տրիլիոն ռուբլի: Մոնիտորինգից հետո ավելի քան 10 հազար գնում դադարեցվել է, որի 60% իրականացվել է խախտումներով»,-ընդգծել է Պուտինը, այդուհանդերձ, սա չորակելով որպես «հափշտակություն», այլ կարգապահության պակաս: Կարգապահական ստուգումների արդյունքում 27 հազար պաշտոնատար անձի նկատողություն է հայտարարվել: «Սա շատ մեծ ցուցանիշ է, որը վկայում է, որ ունենք համակարգային խնդիր»,-հավելել է Պուտինը`շեշտելով, որ անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ իրականացնել այս համակարագում և եղած վերհասկողական միջոցներն ավելացնել: Ավելին, ՌԴ նախագահը հրահանգել է, որ բոլոր չինովնիկները պետք է բյուջետային խնայողությունների գնան: Ի դեպ, Պուտինը նաև հիշեցրել է 2014-ին գործող օրենքի մասին, որով չինովնիկներին չեն թույլատրվում շքեղություններ և աշխատասենյակների ճոխ վերանորոգումներ: Նրանց տրամադրվող գումարները սահմանափակ են` ոչ ավելին 1մլրդ ռուբլի դաշնային և 100 մլն ռուբլի`մարզային չինովնիկների համար: Մնում է հուսալ, որ գոնե Մաքսային միության անդամակցության «խեր» կլինի այն, որ Հայաստանում էլ պետգնումները խոշորացույցի տակ կպահեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել