Ոսկեպարում, ըստ էության, արձանագրվել է այն, ինչը մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:

«Ես նաև մեր սիրելի ոսկեպարցիներին ասացի՝ գիտեմ, հենց թուղթ ստորագրվի, գալու են ասեն՝ վայ, էս էն չի, էս ուրիշ բան էր, ուրիշ բան ասեցին, ուրիշ բան արեցին: Ես դահլիճի ներսում իրենց ասացի՝ խնդրում եմ չհավատաք, որովհետև այն, ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ հենց այդպես է: Նույնը վերաբերում է Կիրանցին, մեր խոսակցությունների ժամանակ մենք շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել, բայց նաև ուզում եմ ասել, որ և Կիրանցում, և Ոսկեպարում ես ասել եմ, որ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, ինչ-որ հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար, մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք: Այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինեն այլ լուծումներ, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվել, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Սա կարևոր նրբություն է, որովհետեւ գիտեք, որ 1988-1991 թվականներին որոշակի շարժեր են եղել, իրադարձություններ են եղել: Այս քննարկումների ժամանակ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևւակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը:

«Ես ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել: Այս որոշումը նվազեցնելու է ՀՀ անվտանգային ռիսկերը»,- նշեց Փաշինյանը:

«Մենք հիմա պայմանավորվել ենք սահմանի այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ բոլոր վիճահարույց հարցերը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցային սեղանի շուրջ լուծել»,- ընդգծեց նա:

Նշենք՝ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։ Այսօր եւս Կիրանցում բնակիչները հավաքվել եւ իրենց բողոքն են արտահայտում տեղի ունեցողի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել