Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կառավարությունները փոխադարձ համաձայնությամբ արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Գործակալությունը, ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությանը հղումով, հայտնում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան փոխհամաձայնությամբ սահմանել են միջոցառումների երկու շարք, որոնք ուղղված են ալյումինի, պղնձի և նիկելի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։

«Դրանք նաև սահմանափակում են Ռուսաստանից ալյումինի, պղնձի և նիկելի օգտագործումը մետաղների համաշխարհային բորսաներում և ածանցյալ գործիքների առևտրում»,- նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։

Նախարարությունը մանրամասնել է, որ Վաշինգտոնի և Լոնդոնի նախաձեռնության արդյունքում մետաղների այնպիսի բորսաների, ինչպիսիք են London Metal Exchange-ը (LME) և Chicago Mercantile Exchange-ը (CME), կարգելվի ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակներ ընդունել Ռուսաստանից։

Սահմանափակումները կկիրառվեն 2024 թվականի ապրիլի 13-ից հետո արտադրված մետաղների նկատմամբ։ Միաժամանակ, նախարարությունը նշում է, որ որոշ դեպքերում բացառության կարգով կարող է թույլատրվել ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հաստատել է, որ մասնակցում է այս նախաձեռնությանը։

«London Metal Exchange (LME) և Chicago Mercantile Exchange (CME) բորսաներն այլևս չեն իրականացնելու Ռուսաստանում արտադրված ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակների առևտուր»,- նշված է բրիտանական կողմի հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել