Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը լրատվամիջոցներին հաստատեց լուրը՝ նշելով, որ թեթև մարմնական վնասվածք է ստացել 2 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
 
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արտանիշում դիրքը փոխելու ժամանակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ևս մի վթար էր տեղի ունեցել զինծառայողներին տեղափոխող մեքենայի մասնակցությամբ։

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, 20 վիրավոր։

Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Զինծառայողները Մեղրիի հիվանդանոցում են։

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել